Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստը կայացավ փետրվարին
Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստը: Այն նվիրված էր Վիրաբույժների հայկական ասոցիացիայի պաշտոնական կայքի ներկայացմանը, 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում կայանալիք Վիրաբուժության եվրոպական միության համաժողովի և հայ վիրաբույժների վեհաժողովի համատեղ կայանալիք կազմակերպչական աշխատանքներին: Նիստի ժամանակ քննարկվեցին վահանաձև գեղձի հանգույցների ախտոշման, բուժման, վիրահատական միջամտությունների ժամանակակից մոտեցումները: Նիստին ներկա էին Երեւանի եւ մարզերի վիրաբուժներ: Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հերթական նիստն անցկացվում էր Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ:
Զրուցեցինք ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանի հետ:
– Պարոն Միրիջանյան, ներկայացրեք, խնդրե՛մ, այսօրվա միջոցառման օրակարգը:
– Վիրաբույժների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Սուրեն Ստեփանյանը կներկայացնի մեր ասոցիացիայի պաշտոնական կայքի ստեղծման մանրամասները, որն անմիջական կապ ունի Վիրաբուժության եվրոպական միության հերթական համաժողովը Հայաստանում անցկացնելու հետ: Այնուհետեւ կներկայացվի «Վահանաձև գեղձի հանգույցների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով զեկույց: Այսօրվա մեր օրակարգում նախատեսված են այս երկու բաժինները:
– Ովքե՞ր են ներկա լինելու այսօրվա միջոցառմանը:
– Այսօր հրավիրված են ոլորտի վիրաբույժները, ովքեր աշխատում են տարբեր հիվանդանոցներում եւ կլինիկաներում, հրավիրված են նաեւ մարզերից վիրաբույժներ:
– Վիրաբույժների հայկական ասոցիացիայի գործունեության մասին ի՞նչ կարող եք տեղեկացնել:
– Ավելի քան երկու տարի է, որ ես ղեկավարում եմ Վիրաբույժների հայկական ասոցիացիան: Մեր գործունեության առաքելությունն է համախմբել ոլորտի վիրաբույժներին, կազմակերպել գիտական զեկույցներ եւ մասնագիտական քննարկումներ: Նախատեսված է ընդլայնել ասոցիացիայի հնարավորություններն ու աշխատանքային ծավալները, իսկ հեռանկարում նախատեսել ենք նոր ծրագրեր:
– Ինչու՞ որոշվեց Վիրաբուժության եվրոպական միության համաժողովն անցկացնել Հայաստանում:
– Առհասարակ, Վիրաբուժության եվրոպական միության համաժողովն ամենամյա է, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում: Այս կառույցի ղեկավարությունը, հաշվի առնելով մեր հնարավորությունները, որոշել է այս տարվա գիտաժողովն անցկացնել Հայաստանում, որը մեր կողմից շատ ողջունելի է:
– Ե՞րբ է նախատեսված Վիրաբուժության եվրոպական միության համաժողովը:
– Նախատեսվում է ս/թ սեպտեմբերի 26-28-ը:
Մեր զրուցակիցն է Վիրաբուժության եվրոպական միության նախագահ, ԵրՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը:
– Պարոն Ստեփանյան, մանրամասնեք, խնդրեմ, այսօրվա օրակարգում քննարկող թեմաները:
– Վիրաբույժների հայկական ասոցիացիայի այսօրվա նիստը նվիրված է սեպտեմբերին Հայաստանում անցկացվող Վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի կողմից հերթական համաժողովին: Այսօր կքննարկվեն մեր ասոցիացիայի պաշտոնական կայքի` AAS.am, եւ նշյալ համաժողովին մասնակցելու համար գրանցման կայքի` ess2018.am, ստեղծման աշխատանքները:
Մեր օրակարգում նախատեսվել էր նաև վահանաձեւ գեղձի հանգույցների ախտորոշմանը և բուժմանը նվիրված քննարկում: Զեկույցով հանդես եկավ ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արմեն Վարժապետյանը, ով ներկայացրեց վահանձեւ գեղձի ժամանակակից ախտորոշման, բուժման եւ վիրահատությունների մոտեցումները: Տեղեկացնեմ, որ մեր այսօրվա միջոցառումն իրականացվեց Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցությամբ: Այս կազմակերպության մասնագետները նույնպես ներկայացան զեկույցով և տեղեկացրեցին կազմակերպության դեղերի մասին տվյալներ:
– Ի՞նչ փուլում են Վիրաբույժների հայկական ասոցիացիայի պաշտոնական կայքի ստեծման աշխատանքները:
– Վիրաբույժների հայկական ասոցիացիայի և համաժողովի գրանցման կայքերի ստեղծումը հանձնարարված էր ինձ, շուրջ երեք ամիս այդ ուղղությամբ ես աշխատում եմ Մեդ-պրակտիկի թիմի և ծրագրավորողների հետ: Կայքի աշխատանքները գրեթե ավարատված են: Կատարված աշխատանքների համար իմ և ասոցիացիայի անունից շնորհակալություն ենք հայտնում Մեդ-Պրակտիկ թիմին: Այս պահին որոշակի կազմակերպչական աշխատանքների եւ կայքի տեղեկատվությունը հարստացնելու փուլն է ընթանում: Իսկ Վիրաբույժների եվրոպական միության համաժողովի համար նախատեսված գրանցման կայքը նոր է ստեղծվում: Թեև այն արդեն հասանելի է համացանցային տիրույթում, սակայն դեռ որոշակի տեղեկատվական լրացումներ եւ այլ տեխնիկական աշխատանքներ են իրականացվում:
– Վիրաբույժների եվրոպական միության կողմից աշնանը նախատեսված կոնգրեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ի՞նչ փուլում է:
– Դեղագործական ընկերությունների հետ իրականացվում են բանակցություններ, հավաքագրում ենք Երեւանի եւ մարզերի վիրաբույժների տվյալներն ու տեղեկացնում նրանց աշնանը նախատեսվող կանգրեսի մասին: Գրանցման կայքը գործելու է մարտի սկզբից եւ մեր բժիշկները հնարավորություն կունենան մասնակցության համար գրանցվել և ներկայացնել ժողովածուի համար թեզիսներ: Այս օրերին նամակներ ենք ուղղարկում մեր արտերկրի գործընկերներին ու նշանավոր վիրաբույժներին, որպեսզի կարողանանք հստակ տեղեկություն ունենալ մասնակիցների անունների եւ քանակի մասին:
– Արտերկրի բժիշկներից Ձեր ուղարկած նամակներին կա՞ն արձագանքներ:
– Այո՛, արդեն արձագանքներ ունեցել ենք համաժաղովին մասնակցության համար, բժիշկների կողմից հայտեր ներկայացվել են: Արտերկրի մեր գործընկերներն ուրախ են համաժողովին մասնակցելու համար եւ մեծ պատրաստակամություն են հայտնել: