Պատմական ակնարկ
Հայաստանի Վիրաբույժների Միության նախահայրը հանդիսանում է 1910 թվականին Երևանում ստեղծված Բժիշկների և Դեղագործների Բժշկական Միությունը: Այդ միությունը հիմնականում զբաղվում էր տարածաշրջանային ախտաբանությունների խնդիրների ուսումնասիրմամբ (մալարիա, դիզենտերիա, էխինոկոկոզ և այլն) և բնակչության մեջ կարևոր սանիտարալուսավորչական աշխատանքների իրականացմամբ:
Բժիշկների և Դեղագործների Բժշկական Միության ղեկավարության նախաձեռնությամբ 1920 թվականի նոյեմբերին Երևան քաղաքում հրավիրվեց բժիշկների առաջին համահայկական համագումարը: 1925-1936թթ.-ը Հայաստանի Բժշկական միության խորհրդի նախագահը Հայաստանի առաջին վիրաբուժական դպրոցի հիմնադիր պրոֆեսոր Հ.Ս.Քեչեկն էր:
1938 թ. Վիրաբուժական սեկցիան վերափոխվեց Վիրաբույժների Հանրապետական Գիտական Միության, որի նախագահը 16 տարիների ընթացքում եղել է պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանը:
1954-1957 թթ. վիրաբույժների հանրապետական միության նախագահ է ընտրվել Ք.Հ.Պետրոսյանը, որը հետագայում դարձել է միության պատվավոր անդամ:
1958-1987թթ. Հայաստանի Վիրաբույժների Միության նախագահ է հանդիսացել պրոֆեսոր Ս.Ս.Շարիմանյանը:
1987-2015 թթ. նախագահը եղել է բ.գ.դ. պրոֆեսոր Հ.Վ.Սարուխանյանը, որը հետագայում ընտրվել է պատվավոր նախագահ:
2015 թվականից ասոցիացիայի նախագահ է ընտրվել պրոֆեսոր Մ.Մ.Միրիջանյանը:
Միության նիստերին քննարկվում էին Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների զեկույցները , որոնք վերաբերվում էին վիրաբուժական ծառայության կազմակերպման ընդհանուր և մասնավոր հարցերին, մասնագիտացմանը, վիրաբույժների ատեստավորմանը, բնակչությանը տրամադրվող վիրաբուժական օգնության հետագա բարելավման նպատակով մշակվում էին ուղեցույցներ:
Միության խորհուրդը շրջանային և քաղաքային հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքների ղեկավարներին տրամադրում էր մեթոդական, խորհրդատվական և գիտագործնական օգնություն, կազմակերպում էր արտագնա նիստեր: Այդպիսի նիստեր են կազմակերպվել Կապանում, Լենինականում, Կիրովականում և այլն: Նեղ վիրաբուժական մասնագիտացմամբ անդամների ՛շատացումը Վիրաբուժական միության խորհրդին դրդեցին մտածել վիրաբուժական պրոֆիլի նոր միությունների ստեղծման մաին:
Հանրապետությունում ստեղծվեցին օրթոպեդների և վնասվածքաբանների, ուռոլոգների, անոթաբանների, պլաստիկ վիրաբույժների և անեսթեզիոլոգների միություններ: Որոշ նեղ վիրաբուժական պրոֆիլներ ներկայացված էին միացյալ հանրապետական միություններում, ինչպես, օրինակ, նյարդաբանները և նյարդավիրաբույժները, սրտաբանները և սրտային վիրաբույժները, ճառագայթաբանները և ուռուցքաբանները:
1925, 1935, 1947, 1953, 1957, 1962, 1967 և մինչև 1988 թթ.- կայացան Անդրկովկասյան հանրապետությունների վիրաբույժների նիստերն ու կոնֆերանսները: Հարկ է նշել, որ Անդրկովկասյան նիստերին և կոնֆերանսներին բացի Անդրկովկասյան հանրապետությունների վիրաբույժներից, մասնակցում էին նաև այլ միութենական հանրապետությունների վիրաբույժները, մասնավորապես՝ Մոսկվայից: Նիստերն ընդհատվեցին ՝ կապված Սումգաիթի, Բաքվի հայտնի իրադարձությունների, Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցող պատերազմի հետ: Միայն 2003 թվականին Թիֆլիսում տեղի ունեցավ Հարավային Կովկասի պետությունների XIV համագումարը: 2000 թվականին ստեղծվեց «Հայկական վիրաբուժություն XXI» Պրոֆեսիոնալների Միությունը, որտեղ մտան մասնագիտացված ասոցիացիաների գրեթե բոլոր նախագահներն ու առաջատար վիրաբույժները: 2003, 2008, 2013 թթ.-ին տեղի ունեցած կոնգրեսները նվիրված էին ընդհանուր և անհետաձգելի, մասնագիտացված վիրաբուժության, հերոնտովրաբուժության հարցերին: 2018 թ.-ին, բացի վերը նշված նիստերից, վիրաբույժների հայկական ասոցիացիան մասնակցեց բազմաթիվ կովկասյան և համառուսական կոնֆերանսներին և համագումարներին: Այսօր Վիրաբույժների Հայկական Ասոցիացիան Պրոֆեսիոնալների Միության հետ համատեղ ներկայացնում են XXI դարի Հայկական Վիրաբուժական Ասոցիացիան:
Հայաստանում վիրաբուժության զարգացման և կայացման, ինչպես նաև հետագա մասնագիտացման հարցում մեծ դեր է խաղացել և շարունակում է խաղալ վիրաբույժների միությունը: Հանդիսանալով հանրապետությունում վիրաբուժական մտքի և պրակտիկայի բարձրագույն գիտամեթոդական և խորհրդատվական կենտրոն՝ վիրաբուժական միությունը իր ութսունամյա գոյության ընթացքում ծավալել է բազմակողմանի և օգտակար գործունեություն՝ուղղված վիրաբուժության զարգացմանը և բնակչությանը ցուցաբերվող վիրաբուժական օգնության որակի բարձրացմանը: