Հայ ականավոր վիրաբույժ, գիտնական և բժշկության ասպարեզի մանկավարժ։ Գիտական և պրակտիկ գործունեությունը նվիրված էին վիրաբուժության տարբեր բնագավառներին։ 1970թ. առաջին անգամ Հայաստանում կատարել է էխինոկոկէկտոմիա սրտից, առաջարկել է էխինոկոկոզի էխոմորֆոլոգիական դասակարգում, կատարել է թոքերի էխինոկոկոզի ժամանակ ստերնոտոմիայով միաժամանակյա էխինոկոկէկտոմիա երկու թոքերից։ Հայաստանի առողջապահությունում պրոֆ.Վ.Թ.Ափոյանի և նրա աշակերտ Դ.Ա.Սարգսյանի կողմից է առաջարկվել էխինոկոկոզի դեպքում ալբենդազոլով և պրազիքվանտելով բուժումը և կանխարգելումը։
1992թ. առաջին անգամ Հայաստանում կատարել է դռներակային հիպերտենզիայի կապակցությամբ պորտոկավալ /մեզենտերկոկավալ/ բերանակցման ձևավորում։
1995թ. առաջին անգամ Հայաստանում իրականացրել է կերակրափողի էքստիրպացիա և պլաստիկա ստամոքսով կերակրափողի քաղցկեղի կապակցությամբ։ Առաջիններից մեկն է կատարել կերակրափողի պլաստիկա հաստ աղիքով կերակրափողի ուռուցքների և սպիական նեղացումների դեպքում։
Նրա ղեկավարությամբ հանրապետության բժշկական պրակտիկայում ներդրվել է մեխանիկական դեղնուկի ժամանակ դիսկրետ պլազմաֆերեզը։
Կլինիկական աշխատանքում ներդրել է ուլտրաձայնային հսկողության տակ լյարդի, որովայնի թարախակույտերի ժամանակ միջմաշկային դրենավորումը։
Առաջիններից մեկն է կատարել մակերիկամների վիրահատություններ Իցենկո-Կուշինգի համախտանիշի, ֆեոքրոմոցիտոմայի ժամանակ, վիրահատություններ ենթաստամոքսային գեղձի հորմոնալ ակտիվ ուռուցքների կապակցությամբ։ Հայաստանի վիրաբուժության մեջ ներդրել է բիլիոդիգեստիվ բերանակցումները լեղուղիների միջմաշկային միջլյարդային դրենավորմամբ։ Կլինիկական պրակտիկայում ներդրել է ուրցագեղձի վիրահատությունները, սինթետիկ ցանցերով հերնիոպլաստիկաները։
Պրոֆ. Վ.Թ.Ափոյանը ծնվել է Թբիլիսի քաղաքում 1930 թվականին մայիսի 29-ին։
1949-1955 - Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտի բուժական ֆակուլտետի ուսանող,
1955-1957 – ՌՍՖՍՀ Լիպեցկի մարզի Վոլինսկի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և վիրաբույժ,
1957-1960 – Վիրաբույժ Ալավերդու քաղաքային հիվանդանոցում,
1960-1963 – Մոսկվայի՝ Լենինի շքանշանակիր բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի կլինիկական վիրաբուժության 2 –րդ ամբիոնում՝ ասպիրանտ,
1963 - Երևանի՝ Կրծքային վիրաբուժության պրոբլեմային լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, (թեկնածուական ատենախոսություն՝ «Կրծքավանդակի օրգանների հիվանդությունների ժամանակ միջմաշկային ֆլեբոգրաֆիան»),
1963-1968 - Բժիշկների կատարելագործման ինստիտուտի կրծքային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, ք.Երևան,
1968-1972- Բժիշկների կատարելագործման ինստիտուտի կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, ք.Երևան,
1971 – Պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Թոքի թարախակույտեր» թեմայով,
1972-1979 – Բժիշկների կատարելագործման ինստիտուտի կրծքային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, ք.Երևան,
1979-1998 – Երևանի պետական բժշկական համալսարանի Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի վարիչ,
1973-1974 – Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ,
1982-1984 – Հայաստանի Հանրապետության գլխավոր վիրաբույժ,
1995-2000 – ՀՀ ԱՆ Վիրաբուժության լիցենզավորման հանձնաժողովի նախագահ,
1998 – Վիրաբուժության թիվ 2 (2011թ-ից՝ թիվ 1) ամբիոնի պրոֆեսոր,
1998-2007 – Ղեկավարել է ԵՊԲՀ «Վիրաբուժություն» մասնագիտական խորհուրդը,
Հանդիսացել է.
• ԵՊԲՀ«Վիրաբուժություն» մասնագիտական խորհրդի նախագահ,
• Հայկական Վիրաբուժական Ասոցիացիայի նախագահի տեղակալ,
• Հայաստանի Հանրապետության Բժշկական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս,
• Բնական Գիտությունների Եվրոպական Ակադեմիայի ակադեմիկոս,
Գիտական գործունեությունը
• Ավելի քան 230 գիտական աշխատությունների հեղինակ
• 12 թեկնածուական և 2 դոկտորական ատենախոսությունների գիտական ղեկավար
• 7 մեթոդական ցուցումների և 20 ռացիոնալիզատորական առաջարկությունների հեղինակ
• «Վիրաբուժական հիվանդություններ» հայերեն լեզվով դասագրքի հեղինակ և խմբագիր
• «Աճուկային հերնիոպլաստիկա» մենագրության հեղինակ
Պարգևատրվել է ՛՛Մխիթար Հերացի՛՛ մեդալով, ՀՀ առողջապահության նախարարության և ԵՊԲՀ պատվոգրերով։
«Ճշմարիտ աշխարհը իմաստունին, բարեպաշտին, առաքինուն է հասանելի. նա ապրում է նրա մեջ, նա այդ աշխարհն է»: Գերմանացի մեծագույն փիլիսոփա և մտածող Ֆրիդրիխ Նիցշեի թևավոր դարձած այս ասույթն ամբողջությամբ կարելի է վերագրել XX դարի հայ ականավոր բժիշկ, գիտական վիրաբուժության հիմնադիր, Երևանի պետական համալսարանի բժշկական առաջին վիրաբուժական ամբիոնի և կլինիկայի կազմակերպիչ ու դեկան, Խորհրդային Հայաստանի բժշկական ընկերության հիմնադիր և երկարամյա ղեկավար, գիտության վաստակավոր գործիչ Համբարձում Քեչեկին: Այո, նա իմաստուն էր, երբ խոսքն ընտրած մասնագիտության ու արհեստավարժության մասին էր, բարեպաշտ ու առաքինի էր ընտանիքի, շրջապատի և հասանելի ու սիրելի` իր հարյուրավոր ուսանողների համար, ովքեր դարձան նրա գործի արժանավոր շարունակողները:
Քեչեկը ծնվել է 1872-ին Դոնի Նախիջևանում, սկզբնական կրթություն ստացել է տեղի քաղաքային ուսումնարանում, ապա հոգևոր վարժարանում, իսկ արդեն 1890-ին ընդունվում է Դոնի Ռոստովի քաղաքային գիմնազիայի 7-րդ դասարան, 1892-ին փայլուն գնահատականներով ավարտելով` մրցույթով ընդունվում է ռազմաբժշկական ակադեմիա: Երրորդ կուրսից նա ուսումը շարունակում է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում:
1897-ին երիտասարդ շրջանավարտը կարճ ժամանակով երկմտում էր, թե ինչ մասնագիտական ընտրություն կատարի, չէ որ բժշկությունը չի սահմանափակվում մեկ մասնագիտության շրջանակներում: Ի վերջո, նա գերադասեց վիրաբուժությունը` դառնալով Դոնի Ռոստովի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի օրդինատորը, միաժամանակ երկաթուղայինների հիվանդանոցի թաղային բժիշկը:
1900թ. Քեչեկը տեղափոխվում է Սանկտ-Պետերբուրգ` էքստերն հանձնելով քննությունները, ընդունվում ռազմաբժշկական ակադեմիայի վիրաբուժական կլինիկա: Հենց այստեղ նա խորանում է լուսաբուժական վիրաբուժության մեջ` դառնալով այս նորագույն բնագավառի պիոներներից մեկը: Աշխատելով ժամանակի համբավավոր այս կլինիկայում, նա միաժամանակ հրապուրվում է նաև ուրոլոգիայով, այս նպատակով արտասահմանյան գործողումների մեկնում, նախ Փարիզ, ապա Բեռլին:
1910-ին նա վերադառնում է հարազատ ծննդավայր, զբաղեցնում քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը` ղեկավարելով նաև վիրաբուժական բաժանմունքը:
Մասնագիտական առումով Քեչեկը ծանրաբեռնված և հայրենանվեր աշխատանք էր կատարում Համաշխարհային առաջին պատերազմի տարիներին. մեծ պատասխանատվությամբ ու սիրով նա վիրաբուժական օգնություն էր ցուցաբերում ռուսական բանակի վիրավոր զիվորներին և սպաներին: Այս նպատակով նրա ջանքերով կազմակերպվում է խոշոր լազարեթ, որտեղ հարյուրավոր սպաներ ու զինվորներ երկրորդ կյանք են ստանում Քեչեկի փայլուն վիրահատությունների շնորհիվ: Սա նաև ռազմադաշտային հմուտ վիրաբույժի, վարպետության արգասիքն էր:
Այս ամենին զուգահեռ` նա զբաղվում է մանկավարժական գործունեությամբ:
1919-ին փորձառու վիրաբույժն ու մանկավարժը տեղափոխվում է Թբիլիսի, աշխատում որպես վիրաբույժ-խորհրդատու:
Շատ շուտով նա արձագանքում է Ալեքսանդր Մյասնիկյանի կոչին, ով ավերակների վրա կառուցվող Խորհրդային Հայաստան էր հրավիրում աշխարհասփյուռ հայ գիտնականների, բժիշկների, նկարիչների, գրողների, մարդկանց, ում ջանքերի շնորհիվ ոտքի կկանգներ թուրքական յաթաղանից մազապուրծ հայերի նորոգ հայրենիքը:
1923-ին Քեչեկը մասնակցեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին և հաղթելով, ընտրվեց այդ պաշտոնում:
Իր նախնիների հայրենիքում Քեչեկի համար սկսվում է նոր, առավել վառ մի էջ: Առաջին վիրաբուժության ամբիոնի կազմավորմանն ու ամրապնդմանը զուգահեռ, Քեչեկն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում երիտասարդ համալսարանի, մասնավորապես, նոր ամբիոնների կազմավորման, պրոֆեսորադասախոսական կադրերի ընտրության գործում:
Նրա տաղանդավոր սաներից մեկը` պրոֆեսոր Ս.Շարիմանյանն իր հոդվածներից մեկում այսպիսի տողեր է գրում սիրելի ուսուցչի ու կնքահոր հասցեին.«Հրաշալի դասախոս ու եզակի մանկավարժ էր, ով աննկարագրելի սեր ու հարգանք էր վայելում, հատկապես, ուսանողների շրջանում»:
Կլինիկայում նա անսահման գորով ու սեր էր տածում իր հիվանդների նկատմամբ, իր ոգևորիչ խոսքով, մասնագիտական հմտությամբ նրանց մեջ ապրելու, ապաքինվելու մեծ հույսեր արթնացնելով:
Բազմազբաղ այս գիտնականն ու վիրաբույժը լայն մտահորիզոնականի տեր անհատականություն էր. տիրապետում էր մի քանի լեզուների` հունարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, լատիներեն, հին հայերենով (գրաբար) էր կարդում Նարեկացու «Մատյանն» ու «Աստվածաշունչը», քաջածանոթ էր համաշխարհային, մասնավորապես, հայոց պատմությանը, գրականությանը:
Երբ նրան հարցնում էին.«Եթե բժիշկ չդառնայիք, էլ ի՞նչ մասնագիտություն կընտրեիք», նա առանց վարանելու ֆիզիկոսի, մաթեմատիկոսի, աստղագետի մասնագիտություններն էր թվարկում, որովհետև ազատ ժամանակն ամբողջությամբ տրվում էր այս առարկաների խորհրդավոր աշխարհին ընկղմվելու գայթակղությանը, որն ավելին էր, քան հոբբին:
1931-ին Երևանում բացվեց Արյան փոխներարկման կայանը, որի առաջին տնօրենն էր: Չորս տարի անց նրան շնորհվեց գիտության վաստակավոր գործչի կոչում, ինչը նրա հայրենանվեր աշխատանքի գնահատականն էր:
Ամբողջ կյանքում Համբարձում Քեչեկը երբեք չդավաճանեց իր սկզբունքներին` մնալով սկզբունքային, երբեք փոխզիջումների չգնացող անհատականություն:
Պրոֆեսոր Արտեմ (Հարություն) Գրիգորիի Միրզա-Ավագյան (1879-1938):
Հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի կազմակերպիչը և առաջին ղեկավարը եղել է պրոֆ. Արտեմ (Հարություն) Գրիգորիի Միրզա-Ավագյանը: Նա ծնվել է 1879թ. Բաքու քաղաքում: 1909թ. Ա. Գ. Միրզա-Ավագյանը ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը և մինչև 1920թ. մնացել է Կիևում` աշխատելով որպես վիրաբույժ և տարբեր լազարեթների վիրաբուժական բաժանմունքների ղեկավար: 1920թ. տեղափոխվել է Հայասատան, որտեղ սկզբից եղել է Երևանի զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, իսկ հետո ղեկավարել է 2-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը:
1924թ. Ա. Գ. Միրզա-Ավագյանը հրավիրվել է աշխատանքի Երևանի բժշկական ինստիտուտ, որտեղ նա կազմավորել և ղեկավարել է օպերատիվ վիրաբուժության ամբիոնը տեղագրական անատոմիայի հետ միասին, իսկ 1928թ. կազմավորել է հոսպիտալային վիրաբուժության ամբիոնը և դարձել նրա ղեկավարը:
1927 թ. կատարել է Անդրկովկասում եզակի բարդ վիրահատություն վիրահատել է հրազենային վնասվածք ստացած տղամարդու սիրտը և սրտամկանից հեռացրել գնդակը։
Սովետական Հայաստանի կառավարությունը 1928թ. Ա. Գ. Միրզա-Ավագյանին ուղևորում է Ֆրանսիա, որտեղ 6 ամսվա ընթացքում նա այցելում է լավագույն վիրաբուժական, ուռոլոգիական կլինիկաները և վերադառնում է հայրենիք` ներդնելով Ֆրանսիայում ամբողջ ձեռք բերածը իր ղեկավարած կլինիկայի պրակտիկայում:
1932թ. Ա. Գ. Միրզա-Ավագյանին տրվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1936թ-ին նա թողել է մանկավարժական գործնեությունը և անցել է գործնական աշխատանքին` դառնալով Կարմիր Խաչի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար: Պրոֆ. Ա. Գ. Միրզա-Ավագյանը մահացել է 59 տարեկան հասակում 1938թ.-ին:
Պրոֆեսոր Գասպար Հովակիմի Մելքոնյան (1881-1952):
Գ. Հ. Մելքոնյանը ծնվել է Ախալցխա քաղաքում (Վրաստան): 1908 թ. ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և մեկ տարի մնացել է աշխատելու Ն. Ա. Շեգոլևի կողմից ղեկավարվող հոսպիտալային վիրաբուժական կլինիկայում: Ուսանողական տարիներին Գ. Հ. Մելքոնյանը հրապուրված էր վիրաբուժությունով և ուսանողական տարիներին պրոֆ. Շեգոլևի կլինիկայում կատարել է 2 գիտական աշխատանքներ:
1909թ. ընտանեկան հանգամանքներից ելնելով, նա տեղափոխվել է Թիֆլիս և մինչև 1919թ. աշխատել է Միխայելովի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում որպես օրդինատոր: 1919թ. Գ. Հ. Մելքոնյանը մրցույթով ընտրվել է Երևանի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ղեկավարի ազատ պաշտոնին: Սկսած 1920թ. և մինչև կյանքի վերջը Գ. Հ. Մելքոնյանը ապրել է Հայաստանում` ղեկավարելով Երևանի և Լենինականի քաղաքային հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքները:
1930թ. նա հրավիրվել է աշխատելու Երևանի բժշկական ինստիտում, որտեղ սկզբից կարդացել է ուռուցքաբանության և ատամնաբուժության դասընթացներ, իսկ 1936թ. դարձել է հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի ղեկավար, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջը՝ 1952թ.-ի մարտ ամիսը:
1935թ. Գ. Հ. Մելքոնյանին տրվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1937թ. նա պաշտպանել է դոկտորական դիսերտացիա ՛՛Ծայրամասային նյարդերի վնասում՛՛ թեմայով: Գասպար Հովակիմովիչի գիտական գործունեությունն ուղղված էր ոսկորների պլաստիկայի և կրծքավանդակի բարդացած վնասվածքների առանձնահատկություններին: Գասպար Հովակիմովիչը Հայաստանում առաջին անգամ կատարել է կերակրափողի կրծքային հատվածի հաջող մասնահատում։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ Գասպար Հովակիմովիչը եղել է կրծքային վիրաբուժության մասնագիտացված հոսպիտալի խորհրդատու։ Գասպար Հովակիմովիչը շատ ժամանակ է հատկացրել մանկավարժական գործունեությանը և վիրաբուժական կադրերի զարգացմանը։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվեցին երկու թեկնածուական ատենախոսություններ։ Պրոֆեսոր Մելքոնյան Գասպար Հովակիմովիչը իր վաստակի համար պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով և երեք մեդալով:
Գիտական գործունեություն: Առաջարկել է ուղիղ աղիքի, շարժուն երիկամի ամրացման (ֆիքսման) եղանակ, նկարագրել օրգանիզմից դուրս ոսկրի գոյացման ու աճման բացառիկ դեպք: Պրոֆեսոր Մելքոնյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են ոսկրապատվաստման, ծայրամասային նյարդերի, կրծքավանդակի և դրա օրգանների վնասվածքների ու բարդությունների բուժման հարցերին։
Գրություն: 35 գիտական աշխատություններ
Պրոֆեսոր Իվան Քրիստափորի Գևորգյան (28.03.1907 – 19.10.1989), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
Ծնվել է 1907թ. փետրվարի 28-ին (մարտի 13) Հայաստանի Ղուլալի գյուղում (այժմ՝ Կարմիրգյուղ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում):
1930թ. ավարտել է Լենինգրադի բժշկական ինստիտուտը: 1930-1934թթ. աշխատել է Ալավերդու շրջանում որպես բժիշկ, այնուհետև շրջանային առողջապահության բաժանմունքի ղեկավար: 1934թ. տեղափոխվել է Երևան: 1935-38թթ. սովորել է Խարկովի բժշկական ինստիտուտի ասպիրանտուրայում պրոֆ. Վ.Ն. Շամովի մոտ: 1938թ. Ի. Ք. Գևորգյանը անցել է աշխատանքի Երևանի բժշկական ինսիտուտում, որտեղ անցել է ասիստենտից մինչև ամբիոնի ղեկավար ուղին: 1952-1979թթ. Նա ղեկավարել է ԵՊԲԻ-ի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնը :
Մեծ Հայրենական պատերազմի առաջին օրերից Գևորգյանը գտնվել է Սովետական բանակում, մինչև 1944թ. հայրենական պատերազմի ճակատում, իսկ 1944-1946թթ. եղել է Երևանի զինվորական հոսպիտալի գլխավոր վիրաբույժը և կայազորային ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ: Սովետական բանակից զորացրվելուց հետո շարունակել է աշխատել Երևանի բժշկական ինստիտուտում:
1941թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1952թ-ին դոկտորական դիսերտացիան: 1953թ. Նրան տրվել է պրոֆեսորի գիտական կոչումը: Ի. Ք. Գևորգյանի ղեկավարած ամբիոնից դուրս են եկել ավելի քան 40 դիսերտացիոն աշխատանքներ, որոնցից 10-ը՝ դոկտորական:
1961թ. Ի.Ք. Գևորգյանին շնորհվել է Հայաստանի ՍՍՀ-ի գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: 1962թ. ընտրվել է Հայաստանի ՍՍՀ-ի ԱՆ-ի թղթակից-անդամ, իսկ 1963թ. Հռոմում կայացած աշխարհի վիրաբույժների XX կոնգրեսին նա ընտրվել է վիրաբույժների միջազգային միության իսկական անդամ: Նա հանդիսացել է վիրաբույժների համամիութենական միության վարչության անդամ, ՛՛Վիրաբուժություն՛՛ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, փորձնական և կլինիկական բժշկության ամսագրի գլխավոր խմբագիր, Հայաստանի ՍՍՀ-ի վիրաբուժական միության նախագահի տեղակալ: Ի. Ք. Գևորգյանին ընտրվել է Հայկական և Վրացական ՍՍՀ վիրաբույժների գիտական միության պատվավոր անդամ, պարգևատրվել է պրոֆ. Վ.Ն. Շամովի, պրոֆ. Գ.Մ. Մուխադզեյի և պրոֆ. Ն.Ա. Բոգորազի հոբելյանական մեդալներով:
Պրոֆ. Ի.Ք. Գևորգյանը եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ուսումնական և գիտական աշխատանքի գծով գիտական քարտուղար և պրոռեկտոր /1954-1956թթ./, ինչպես նաև ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ /1959-1964թթ./:
Պարգևատրվել է ՛՛Աշխատանքային Կարմիր Դրոշի՛՛ և ՛՛Կարմիր Դրոշի՛՛ շքանշաններով, 13 տարբեր մարտական մեդալներով, Հայաստանի ՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով, ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության ՛՛Աշխատանքային գերազանց հաջողություններ՛՛ և ՛՛ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկ՛՛ կրծքանշաններով:
Գիտական գործունեություն: աշխատանքները վերաբերում են ցավազրկման, արյան փոխներարկման, վնասվածքաբանությանը, դեղանյութերի և արյան ներմուծման նոր ուղիների հայտնաբերմանը, սիրտանոթային համակարգի հիվանդությունների վիրահատական բուժմանը, վիրահատված ստամոքսի հիվանդությունների, հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշի, էխինոկոկոզի բուժմանը, վիրաբուժության պատմությանը:
230 գիտական աշխատանքների հեղինակ է:
Մենագրություններ. "Դեղերի ներերակային օգտագործումը վիրաբուժության մեջ" (1958), “Արյան հոսքի արագությունը վերջույթների անոթների ախտաբանական փոփոխությունների ժամանակ” (1976), “Ստորին վերջույթների խցանող անգիոդիստրոֆիա ” (1978), “Որովայնամզի մեզոթելիոմա” (1984).
Սեդրակ Սիմոնի Շարիմանյան (1896-1989) Վիրաբույժ, Դոկտոր Բժ. Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է Թիֆլիս քաղաքում: 1922 թ. ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Մինչ 1925 թ. աշխատել է նույն համալսարանի վիրաբուժական կլինիկայում: 1926 թ. Տեղափոխվել է Երևան, աշխատել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետի վիրաբուժական կլինիկայում `որպես ասիստենտ, ապա որպես պրոֆեսոր: Հանդիսանում է Հայաստանում նյարդավիրաբուժական ուղղության հիմնադիրը։
1940 թ. Ընտրվել է ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ և ղեկավարել այն մինչեւ 1973 թվականը: Պատերազմի տարիներին նա եղել է էվակոգոսպիտալի գլխավոր վիրաբույժ:
1949-1954 թթ. Սեդրակ Սիմոնի Շարիմանյանը հանդիսացել է ՀԽՍՀ Առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ , վիրաբույժների համամիութենական ընկերության խորհրդի անդամ, Հայաստանի վիրաբույժների գիտական խորհրդի նախագահ (1958-1987): Պարգեւատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով:
Գիտական գործունեություն: Գիտական գործունեությունը նվիրված է ստամոքսի և աղիքների վերքերի բուժման հիմնահարցեի ուսումնասիրությանը, գբաղվել է նաև երկրամասային պաթոլոգիայի հարցերով և ապացուցել է էնդեմիկ խպիպի առկայությունը Հայաստանում: Ուսումնասիրել է ծայրամասային նյարդավիրաբուժության համակարգի բուժման հարցերը:
Մատենագրություն: 106 հրապարակումների հեղինակ
Յոլյան Ռուբեն Հովսեփի (1894-1955) - վիրաբույժ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1946), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է Գորիս քաղաքում (Հայաստան): 1919 թ. ավարտել է Կիևի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1934 թվականից ղեկավարել է ԵՊԲՀ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնը: 1947 թ. Նրա նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվեց արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, որի անփոփոխ ղեկավարն էր մինչև կյանքի վերջը (Այժմ այդ ինստիտուտը կրում է նրա անունը): Եղել է համաշխարհային վիրաբույժների միության խորհրդի անդամ, վիրաբույժների Միջազգային ասոցիացիայի անդամ:
Գիտական գործունեության ոլորտը՝ Գիտական գործունեությունը նվիրված է վնասվածքաբանության, կլինիկական վիրաբուժության, արյան փոխներարկման, ուռուցքաբանության, անեսթեզիոլոգիայի, երիկամային անբավարարության, սուլֆա- նիլամիդներով բուժման, վերջույթների վնասվածքների հարցերի ուսումնասիրությանը:
Մատենագիտություն ՝ բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է:
"Ռազմադաշտային վիրաբուժության ուսումնական ձեռնարկ" (1934), "Մասնավոր վիրաբուժության դասախոսություններ" (1955), "Պենիցիլինի օգտագործումը վիրաբուժության մեջ" (1955):
Պարոնյան Ռուբեն Լազարի (1894-1978) - վիրաբույժ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է Բաքու քաղաքում: 1924 թ. ավարտել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1937-ից աշխատել է ԵրՄԻ վիրաբուժության ամբիոնում, 1954-1971թթ.եղել է ամբիոնի վարիչ: 1938-1954 թթ.միաժամանակ եղել է Երևանի արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն: 1954-1958 թթ. եղել է ՀԽՍՀ Առողջապահության Նախարարության գլխավոր վիրաբույժ:
Գիտական գործունեություն: Գիտական գործունեությունը նվիրված է արյան փոխներարկման և կլինիկական վիրաբուժության հարցերին: Հայաստանում նա առաջին անգամ կատարել է ստամոքսի մասնատում, մշակել լյարդի պունկցիայի նոր մեթոդ, որն ունի կարևոր ախտորոշիչ նշանակություն:
Սարուխանյան Վազգեն Հովհաննեսի (1910-1973) - վիրաբույժ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է Նոր Բայազետ քաղաքում (այժմ Գավառ, Հայաստան): 1931 թ. ավարտել է ԵրԲԻ-ը: Աշխատել է բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության կլինիկայում, ղեկավարել է ճառագայթաբանության և վիրաբուժական ուռուցքաբանության կլինիկան: Պարգեւատրվել է ՛՛Կարմիր աստղի՛՛ եւ ՛՛Աշխատանքային Կարմիր դրոշի՛՛ շքանշաններով:
Գիտական գործունեության ոլորտը ՝ Գիտական գործունեությունը նվիրված է գաստրոէնտերոլոգիայի, պուլմոնոլոգիայի, անեսթեզիոլոգիայի, ուրոլոգիայի, վնասվածքաբանության և օրթոպեդիայի հարցերին: Նրա կողմից մշակվել է ստամոքսի մասնահատման ժամանակ բարակ և հաստ աղիների պլաստիկայի հարցերը, միջողնային սկավառակների պաթոլոգիաները, վիրաբուժական բարդությունները ուռուցքների և թոքերի էխինոկոկոզի դեպքում, էթիոլոգիայի խնդիրները, երիկամային հիթի և տրոֆիկ խոցերի բուժումը:
Մատենագիտություն: Հեղինակ է բազմաթիվ գիտական հրապարակումների.
"Դեսմուրգիա" (1964)," Մանկական վիրաբուժություն” (1971):
Մալխասյան Վիգեն Արամայիսի (1921-1991) - վիրաբույժ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր:
Ծնվել է Երևան քաղաքում: 1943 թ. ավարտել է ԵՊԲՀ-ի բուժական պրոֆիլակտիկ ֆակուլտետը: 1945-1960 թթ. աշխատել է ԵրԲԻ ընդհանուր վիրաբուժության ամբիոնում: 1960թ. նշանակվել է բժիշկների կատարելագործման ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի վարիչ: Առաջարկել է ստամոքսի մասնահատման մոդիֆիկացիա: Պարգևատրվել է ՛՛Պատվո նշան՛՛ շքանշանով:
Գիտական գործունեություն` Գիտական գործունեությունը նվիրված է մարսողական օրգանների ստամոքսի, աղիքների, լեղուղիների վիրաբուժության հարցերին, էլեկտ- րանարկոգի, վնասվածքաբանության և վիրաբուժության պատմության հարցերի ուսումնասիրությանը: Մշակվել և գործնականում ներդրվել է ստամոքսի, կերակրափողի մասնահատման մեթոդիկան: Երկրում առաջին անգամ նա սկսեց զարգացնել կրծքային լիմֆատիկ խողովակի ջրահեռացման հարցերը՝ ախտորոշիչ և թերապեւտիկ նպատակներով:
Գրություններ: նա հեղինակ է ավելի քան 90 գիտական աշխատանքների.
՛՛Ստամոքսի վիրահատության ստանդարտ գործողությունների պատկերներ՛՛ (1963), "Դուոդենալ ծայրատ" (1968), "Կրծքավանդակի ավշային ծորանի դրենավորում վիրաբուժական կլինիկայում " (1979):
Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի (1920 - 2013 ) - վիրաբույժ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս, Վիրաբույժների միջազգային ընկերության իսկական անդամ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ:
Ծնվել է Սուխումի քադաքում (Աբխազական ԻԽՍՀ): Սուրեն Ավդալբեկյանը ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը 1943թ.: Դեռ ուսանողական տարիներին նա սկսեց տարվել վիրաբուժությամբ և հետաքրքրություն ցուցաբերեց գիտական աշխատանքի նկատմամբ: Ս. Ավդալբեկյանի բժշկական գործունեության սկիզբը համընկավ ամենածանր՝ Հայրենական Մեծ պատերազմի տարիների հետ: Լինելով Մոսկվայի ռազմական շրջանի էվակոհոսպիտալի առաջատար վիրաբույժ, Ս. Ավդալբեկյանը ցուցաբերեց ծառայության ղեկավարի մեծագույն պատասխանատվություն, վիրաբույժի վարպետություն, ուշադրություն, բարություն և կարեկցանք հիվանդների նկատմամբ: Զորացրումից հետո, 1945թ-ից Սուրեն Ավդալբեկյանն աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտատիվ վիրաբուժության կլինիկայում: Լինելով օրդինատոր-վիրաբույժ, գործնական գործունեության հետ մեկտեղ պարապում էր ուսանողների հետ և անցկացնում գիտական հետազոտություններ: 1948 թ.-ից նա սկսեց զբաղվել ինտուբացիոն նարկոզով և հանդիսանում է հանրապետությունում էնդոտրախեալ նարկոզի ներդրման պիոները:
1949 թ. Ս. Ավդալբեկյանն առաջիններից էր, որ արձագանքեց հեռավոր շրջաններից մեկում վիրաբուժական ծառայության բարձրացման վերաբերյալ Հայրենիքի կանչին և ինքնակամ մեկնեց Ղափանի շրջան, որտեղ աշխատում էր գլխավոր բժիշկ և վիրաբուժական բաժանմունքի վարիչ: Արդեն լինելով փորձառու մասնագետ նա կատարեց մեծ և պտղաբեր աշխատանք՝ խոշորագույն լեռնահանքային կոմբինատի բանվորներին և ինժիներատեխնիկական անձնակազմին և ողջ շրջանի բնակչությանը բուժ-կանխարգելիչ և մասնագիտացված բժշկական օգնության ցուցաբերման ուղղությամբ: Համեմատաբար կարճ ժամկետում նա կարողացավ բարձր մակարդակի բարձրացնել շրջանի վիրաբուժական ծառայությունը:
1951թ. Ս. Ավդալբեկյանը վերադառնում է Երևան, որտեղ պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի ղեկավարությամբ կատարում է առաջին քայլերը դեռ չհետազոտված կրծքային վիրաբուժության ոլորտում և առաջինը Հայաստանում ներդնում է էնդոտրախեալ նարկոզը: 1952թ. Ս. Ավդալբեկյանը մրցույթով ընդունվում է աշխատանքի Երևանի բժշկական համալսարանի ֆակուլտատիվ վիրաբուժության ամբիոն: Սկսած 1951թ.-ից Ս. Ավդալբեկյանը պլանաչափ զբաղվում է կրծքային վիրաբուժությամբ և նրան գրավում է այդ ժամանակ հանրապետությունում թոքերի տարածված էխինոկոկոզի բուժման խնդիրները: Ամփոփելով բազմամյա գիտագործնական գործունեության փորձը, Ս. Ավդալբեկյանը 1956թ. հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Թոքի հիդատիդոզ էխինոկոկ» թեմայով և 1968թ.՝ դոկտորական ատենախոսություն՝ «Բրոնխոէկտազների ֆունկցիոնալ հետազոտման և վիրաբուժական բուժման ժամանակակից հարցերը» թեմայով:
Առաջին անգամ ԽՍՀՄ- ում կիրառել է թոքերի սուր թարախակույտերի խոռոչների տրանսպարիետալ կաթետերավորում: Վարպետության աճի հետ զուգահեռ Ս.Ավդալբեկյանը քաջ գիտակցում էր, որ եթե բժիշկը մշտապես չի կատարելագործվում, չի կարող բավարարվել ինստիտուտում ստացած գիտելիքներով: Եվ Ս. Ավդալբեկյանը հանդիսացավ ԵրՊԲԻ-ին կից բժիշկների կատարելագործման ֆակուլտետի ստեղծման նախաձեռնողներից մեկը և նշանակվեց ֆակուլտետի դեկան: 1958թ.-ից Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանի անունը սերտորեն կապված է հետդիպլոմային կրթության հետ՝ սկզբում բժիշկների կա- տարելագործման ֆակուլտետում, ապա Բժիշկների կատարելագործման Երևանի պետական ինստիտուտում: Կարճ ժամանակաշրջանում ԵրՊԲԻ-ին կից Ս.Ավդալբեկյանի ղեկավարությամբ ֆակուլտետը դարձավ միութենական նշանակության հզոր գիտամանկավարժական կենտրոն, բարձր որակավորմամբ կադրերի դարբնոց, որտեղ կատարելագործվում էին ոչ միայն նախկին Խորհրդային Միության բժիշկները, այլև պատրաստվում էին մասնագետներ, գիտության դոկտորներ և թեկնածուներ Հայաստանի համար:
1962 թ.եղել է հանրապետությունում առաջին կրծքային վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնի և կլինիկայի վարիչ: 1963 թվականից աշխատել է որպես ՀԽՍՀ Առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ռեկտոր, 1968 թվականից նաև կրծքային վիրաբուժության ու ցավազրկման ամբիոնի վարիչ: 1973-ից Վիրաբույժների Հյուսիսկովկասյան գիտական ընկերության պատվավոր անդամ: Կրծքային և սրտանոթային վիրաբուժության ՄԽԲՀ խմբագիր:
Ս.Խ.Ավդալբեկյանի ծառայությունները բարձր է գնահատել ԽՍՀՄ և Հայաստանի կառավարությունը: Նա պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի», «Փառքի նշան» շքանշաններով, վեց մեդալներով, պատվոգրերով, կրում էր «Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը: Հանրապետության, ժողովրդի առջև ունեցած վաստակի համար Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը, Ա.Լ.Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի կրծքային բաժանմունքը, «Շտապ օգնության» ԳԲԿ-ի կրծքային և երկու վիրաբուժական բա- ժանմունքները, որտեղ նա աննկուն աշխատում էր, կրում են ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի պատվավոր անունը:
Գիտական գործունեություն՝ Հայաստանում թոքերի վիրաբուժության հիմնադիր: Օգտագործել է թոքերի թափանցիկ կատետերացման տեխնիկան, թոքերի սուր թարախային բորբոքումների ժամանակ:
Ուսումնասիրությունները նվիրված են թոքերի բորբոքային պրոցեսների բուժման նոր ուղղությունների զարգացմանը, ներքին օրգանների սուր վիրաբուժական հիվանդություններին, արյան անոթների մեջ դեղերի երկարատև ինֆուզիաին, որոնք ուղղակիորեն ներթափանցում են ախտահարված հատվածներ:
Նա ուսումնասիրել է պրոտոլիտիկ ֆերմենտների և կենսագեն ամինների օգտագործման հնարավորությունը թոքերի թարաղաբորբոքային պրոցեսների ժամանակ
ֆունկցիոնալ-մորֆոլոգիական եւ իմունո-կենսաբանական փոփոխություններ թոքերի փոխպատվաստման փորձերում:
Գրություններ՝ հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատանքների.
"Թոքերի թարախային հիվանդությունների ախտորոշում" թեմայով (1972):
Նազարով Լեմիկ Հունանի (1933-1998) - պրոկտոլոգ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱՍ ակադեմիկոս (1997):
Ծնվել է Թբիլիսի քաղաքում: 1958 թ. ավարտել է Սոսկվայի թիվ 1 ԲԻ-ը: Աշխատել է Ն.Ա. Սեմաշկոյի անվան կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, Գերցենի անվան ուռուցքաբանության ինստիտուտում, 1975-1985թթ. եղել է ամբիոնի պրոֆեսոր, Այնուհետև ՝ բժիշկների կատարելագործման ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնի վարիչ: Հայաստանում պրոկտոլոգիայի հիմնադիրներից մեկը, նրա ղեկավարությամբ կազմակերպվել է ՀՀ պրոկտոլոգիայի ինստիտուտը, որտեղ նա տնօրինել է մինչև կյանքի վերջ:
Գիտական գործունեություն՝ Գիտական գործունեությունը նվիրված է հաստ աղիքի և անոռեկտալ շրջանում բորբոքային և օնկոլոգիական հիվանդությունների բուժման և ախտորոշման հարցերի ուսումնասիրությանը:
Գրություններ: հեղինակ է 155 գիտական հրապարակումների, այդ թվում ՝ 2 մենագրության, 6 հեղինակային վկայությունների:
Միքայելան Ալեքսանդր Լևի (1928-1991) – հայ մեծ վիրաբույժ, Հայաստանում սրտանոթային վիրաբուժության և տրանսպլանտոլոգիայի հիմնադիրը: Բժշկական գիտությունների դոկտոր (1963թ.), պրոֆեսոր (1965), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1986):
Ծնվել է Թբիլիսի քաղաքում: 1953 թ. ավարտել է Մոսկվայի 2-րդ պետական բժշկական ինստիտուտը: Մինչ 1961թ. աշխատել է Մոսկվայի թիվ 1 քաղաքային հիվանդանոցում, ԽՍՀՄ ԲԳԱ կրծքային վիրաբուժության ինստիտուտում: 1961թ. ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրավերով Ա.Լ.Միքայելյանը տեղափոխվում է Հայաստան, մինչ 1974թ. աշխատել է ՀԽՍՀ Առողջապահության մինիստրության Սրտաբանության ինստիտուտում, իսկ 1974թ-ից մինչև իր մահը աշխատել է որպես տնօրեն իր կողմից հիմնադրված բժշկական կենտրոնի՝ ԽՍՀՄ Վիրաբուժության Համամիութենական Գիտական Կենտրոնի երևանյան մասնաճյուղի տնօրեն:
Գիտական գործունեություն: Սրտմկանների պաթոֆիզիոլոգիական, կենսաքիմիական եւ մորֆոկառուցվածքային փոփոխությունները մայրուղային անոթների վերականգնողական վիրահատությունների ժամանակ:
Կատարված ուսումնասիրությունները թույլ են տվել մի շարք կարևոր եզրակացություններ անել և առաջարկել սրտի անբավարարության ախտորոշման նոր չափորոշիչներ: Ոչ պակաս ուսումնասիրություններ նվիրված են արյան շրջանառության ուսումնասիրությանը, մետաբոլիզմին և օրգանների գործառույթների անոթային պաթոլոգիայով հիվանդների մոտ: Մշակվել են օրգանների փոխպատվաստման փորձարարական և կլինիկական ասպեկտները։
Գրություններ: հեղինակ է 300-ից ավելի գիտական աշխատանքների, 3 մենագրությունների:
«Կլինիկական պաթոֆիզիոլոգիական փոփոխությունները սրտի ատրիովենտրիկուլյար անցքի նեղացման ժամանակ և վերջինիս վիրաբուժական ուղղումը՞ (1964), "Սրտի աորտալ արատների վիրաբուժական բուժում" (1972):
Անանիկյան Պավլիկ Պետրոսի (1930 - 2018) - վիրաբույժ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է Երևան քաղաքում: 1955 թ. ավարտել է ԵՊԲՀ -ը: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է ԿՀՀ հիվանդանոցում որպես օրդինատոր, ղեկավարել է վիրաբուժական բաժանմունքը։ 1963-ից մինչև 2018 թվականը աշխատել է ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնում ՝ նախ ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր, իսկ 1976-ից ՝ ամբիոնի վարիչ: 1976-1998թթ. եղել է Երևանի գլխավոր վիրաբույժ, 1968-ից ԽՍՀՄ ԲԱՀ վիրաբուժության Մասնագիտացված խորհրդի անդամ, 1988-ից' տորակո-կարդիալ վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի նախագահի տեղակալ:
Գիտական գործունեությունը նվիրված է սրտանոթային վիրաբուժության հարցերի ուսումնասիրությանը: Պ. Պ. Անանիկյանը ՀՀ-ում ֆլեբոլոգիայի հիմնադիրներից է, ստամոքսաղիքային վիրաբուժության հարցերի ուսումնասիրության ժամանակ մշակել է գաստրոդուոդենալ արյունահոսության բուժման եղանակները, ինչպես նաև պարբերական հիվանդության վիրաբուժական ասպեկտները, հեպատո-բիլիար վիրաբուժության ասպարեզում խոլեցիստիտի ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժական հարցերը և առաջին անգամ առաջարկվեց սուր և քրոնիկ խոլեկիստիտի բուժման ընդհանուր մարտավարություն:
Գրություններ: շուրջ 500 տպագիր աշխատանքների հեղինակ է, որից 13 մենագրություն, 3 դասագիրք: "Աորտոարտերիոգրաֆիան աթերոսկլերոզի ախտորոշման մեջ" (1966), "Լիմֆոգրաֆիկ փոփոխությունները ստորին վերջույթների երակների պաթոլոգիայով հիվանդների մոտ" (1980). "Կույր աղիքի բորբոքում" (1985 եւ 1998):
Ճաղարյան Անդրանիկ Ջումշուդի (1916-1984) - վիրաբույժ, անատոմ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է Ղարաբաղի Տամբուլադ գյուղում: 1938 թ. ավարտել է ԵՊԲՀ -ը:
Եղել է Երևանի սրտաբանության և սրտավիրաբուժության ինստիտուտի հիմնադիրներց, 1957-60 թթ. Եղել է այդ ինստիտուտի սրտավիրաբուժության բաժանմունքի վարիչ։ 1958թ. - ին առաջին անգամ Հայաստանում կատարել սրտի արատի վիրահատություն։ 1960թ. - ից աշխատել է ԵՊԲՀ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ: "Գրան պրի" միջազգային մրցանակի (Բրյուսել, 1969) և Բուրդենկոյի անվան "Գրան պրի" մրցանակի դափնեկիր:
Գիտական գործունեությունը: Գիտական գործունեությունը նվիրված է սրտի արատների, աորտայի բնածին նեղացման, սիրտը սնող անոթների անբավարարության վիրաբուժության հարցերին: Լինելով նկարիչ ինքն է ստեղծել գունավոր ատլասներ իր գրքերի համար: Մշակել դեմքի պլաստիկ վերականգնման մեթոդը:
Գրություններ: բզմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ:
"Ատլաս Սրտի բնածին արատների և գլխավոր անոթների" (1958), "Ատլաս սրտի վիրահատության" (1961), "Տեղագրական անատոմիա և Օպերատիվ վիրաբուժություն " (1969):
Կարապետյան էդուարդ Թադևոսի (1931-2013) - վիրաբույժ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր:
Ծնվել է Սևան քաղաքում (Հայաստան): 1954 թ. ավարտել է ԵՊԲՀ-ը: 1955-1961 թթ. Եղել է Դիլիջանի Հանրապետական տուբերկուլյոզային հիվանդանոցի թոքային-վիրաբուժական բաժանմունքի վարիչ, 1961-1967 թթ եղել է Հանրապետական տուբերկուլյոզային դիսպանսերի թոքային-վիրաբուժական բաժանմունք վաիրչ: 1973-1993 թվականներին ԵրԲԻ Տուբերկուլյոզի բաժանմունքի վարիչ:
1993 թվականից Ա. Լ. Միքայելյան անվան Վիրաբուժության ինստիտուտի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար:
Գիտական գործունեություն: Գիտական գործունեությունը նվիրված է թոքային տուբերկուլյոզով հիվանդների վիրաբուժական բուժման և թոքային պաթոլոգիայի ախտորոշման ու բուժման հարցերի ուսումնասիրությանը:
Գրություններ: հեղինակ է 145 գիտական հրապարակումների, որոնցից 1 մենագրություն: "Թոքերի ֆիբրոզա-կավերոզային տուբերկուլյոզով հիվանդների վիրաբուժական բուժում" (1981):
Վանյան Ալբերտ Անդրանիկի (1932) ֊ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի բժշկական ինստիտուտի մանկական վիրաբուժության բաժանմունքի վարիչ (1975-1997):
Ծնվել է Լենինական քաղաքում (այժմ Գյումրի, Հայաստան): 1957 թ. ավարտել է ԵՊԲՀ-ը: 1957-ին նա ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետը, իսկ 1975 թ. - ից տվյալ ամբիոնի վարիչ: "Առողջապահության գերազանցիկ":
Գիտական գործունեություն: Գիտական գործունեությունը նվիրված է երեխաների շնչառական, միզասեռական և մարսողական համակարգերի վիրաբուժությանը և մի շարք պլաստիկ վիրահատությունների կատարելագործմանը:
Գրություններ: հեղինակ է ավելի քան 80 գիտական աշխատանքների:
" Երեխաների մոտ կարեւորագույն վիրաբուժական հիվանդությունների ախտորոշում (1973), " թոքերի ստաֆիլոկոկային դեստրուկցիայի Կլինիկա, ախտորոշում և բուժում երեխաների մոտ" (1974): " (1974):
Միրզա-Ավագյան Գրիգոր Լևոնի (1925-1984)—Վիրաբույժ, Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Ծնվել է Երևան քաղաքում: 1947 թ. ավարտել է ԵրԲԻ-ը: 1950-1955 թթ. աշխատել է որպես գլխավոր բժիշկ և ղեկավար Սիսիանի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: 1955 թ. - ից 17 տարի աշխատել է ԵՊԲՀ-ի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնում, 1974 թ. - ից մինչև կյանքի վերջը եղել է ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի վարիչը: 1975 թ. - ից 9 տարի եղել է ՀԽՍՀ գլխավոր վիրաբույժ, ապա Հայաստանի վիրաբույժների միության խորհրդի նախագահ և վիրաբույժների համամիութենական ընկերության վարչության անդամ:
Գիտական գործունեություն: Գիտական գործունեությունը նվիրված է որովայնի խոռոչի, թոքերի, անոթների և միզասեռական օրգանների հիվանդությունների վիրաբուժական ժամանակակից եղանակների ներդրմանը:
Գրություն: հեղինակ է ավելի քան 90 գիտական աշխատանքների.
"Շարժական կույր աղիք "(1969)," "Սուր թրոմբոզներ և վերջույթների մայրուղային զարկերակների էմբոլիա " (1978):
Հարություն Հովհաննեսի Մինասյան (1920-1988), վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, վիրաբուժության կլինիկայի ղեկավար:
Հարություն Հովհաննեսի Մինասյանը ծնվել է 1920 թվականի փետրվարի 27-ին Գյումրիում: Մինչև 7-րդ դասարանը, Հարություն Մինասյանը սովորել է Հայաստանի երկրորդ մայրաքաղաքի երկաթգծի թիվ 1 դպրոցում, ապա տեղափոխվել Երևան, որտեղ և ավարտել է Մ. Գորկու անվան դպրոցը: 1937թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել է չորս տարում: 1941թ. դեկտեմբերին զորակոչվել է բանակ: Մասնակցել է Կովկասի պաշտպանական մարտերին, սկզբում որպես գնդի կրտսեր բժիշկ, հետագայում որպես ավագ բժիշկ և բուժսան դասակի հրամանատար: Ռազմաճակատում Հարություն Մինասյանն ամեն օր տասնյակ կյանքեր էր փրկում, սակայն թշնամու գնդակը չշրջանցեց նաև նրան: 1943թ. Հարություն Մինասյանը վիրավորվեց, սակայն մինչև կյանքի վերջը երիտասարդ բժիշկը հավատարիմ մնաց երդմանը, ծառայեց մարդուն, փրկեց հազարավոր մարդկանց կյանքեր, դարձավ մարդկանց սիրելի բժիշկը: Նա իր նշանակալից ներդրումն ունեցավ բժշկագիտության զարգացման մեջ: Մալայա զեմլյա փոքրիկ հողում պատերազմի տարիներին փրկելով հազարավոր մարդկանց կյանքեր` բժիշկն իր նվիրական գործով ապացուցեց, որ ծնողներն իզուր չէին իրեն Հարություն կոչել:
«Ընտրելով բժշկի մասնագիտությունը` նա մեկնել է ռազմաճակատ, որտեղ անհրաժեշտ էր փրկել հայրենիքի համար մարտնչող զինվորների կյանքը: Եվ որովհետև ռազմաճակատում ռուս ընկերները չկարողացան սովորել Հարություն Հովհաննեսովիչ կոչել նրան, այդպես էլ նա մնաց Հարություն Իվանիչ»:
1944թ. Հարություն Մինասյանը վերադարձել է Երևան, աշխատանքի անցել առաջին հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: 1950թ. նա Հայաստանի հեռավոր շրջաններից մեկում՝ Վայքում, աշխատելով որպես բուժմիավորման գլխավոր բժիշկ, միաժամանակ նաև վիրաբուժական բաժնի ղեկավարն էր: Մեկ տարի անց, նա աշխատել է Երևանի 3-րդ հիվանդանոցում՝ պրոֆեսոր Յոլյանի մոտ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնում` որպես ասիստենտ, հետագայում նույն ամբիոնի դոցենտ: Ինքնուրույն աշխատանքի ընթացքում կուտակած մեծ փորձի և նյութերի հիման վրա նա ստեղծել է գիտական մեծարժեք աշխատանք՝ լեղուղիների վերականգնողական վիրահատությունների մասին, որը նրա թեկնածուական թեզն էր: 1953-54թթ. աշխատել է 3-րդ բուժմիավորման պետի բուժական գծով տեղակալ, քաղխորհրդի պատգամավոր: Նա առաջիններից մեկը կիրառեց ինտուբացիոն նարկոզը, առաջինը կատարեց կերակրափողահատում, որը և, որպես բացառիկ երևույթ, ցուցադրվեց Հայաստանի վիրաբուժական ընկերության նիստում: Նա առաջինը կատարեց սելեկտիվ պրոքսիմալ վագոտոմիա ստամոքսի և 12-մատյա աղիքի խոցային հիվանդության ժամանակ և ներդրեց ՀՍՍՀ վիրաբուժական պրակտիկայում: Մինասյանը բազում հիվանդությունների վիրաբույժ էր, սակայն նրա հիմնական աշխատանքը լյարդ-լեղապարկի, լեղուղիների բուժումն էր, ինչպես նաև էնդոկրին վիրաբուժությունը: Մանկավարժական ու վիրաբուժական գործունեությանը զուգընթաց, Հարություն Մինասյանը հինգ տարի շարունակ զբաղեցրել է բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը՝ այդ ֆակուլտետում կատարելով ուսումնադաստիարակչական արդյունավետ աշխատանք: 1954-56թթ., այնուհետև 63-ից 76 թթ. բժիշկը եղել է Երևանի գլխավոր վիրաբույժը, համատեղության կարգով աշխատել նաև բժիշկների վերապատրաստման ինստիտուտում` որպես դեկան: Գրեթե կես դար նվիրվելով բժշկությանը` նա միշտ բարձր է պահել բժշկի վեհ անունն ու պատիվը: Իր գործունեությամբ ու վարքագծով օրինակ ծառայել թե' ուսանողության, թե գործընկերների համար: Հարություն Մինասյանը մոտ 100 գիտական աշխատությունների հեղինակ է: Նա պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով», «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշանով, բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով: 1963 թ. արժանացել է վաստակավոր բժշկի կոչմանը: 1965թ. հիմնել է «Մալաթիա» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը և այնտեղ զբաղեցրել է ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը: Հարություն Մինասյանը մասնակցել է «Էրեբունի» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի հիմնադրմանը, որտեղ տեղափոխվել էր բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի մասնաճյուղը հիվանդանոցի բացման առաջին օրվանից: Մինչև 1988 թվականը, նա աշխատել է` որպես ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի մասնաճյուղի և վիրաբուժական կլինիկայի ղեկավար:
Պրոֆեսոր Սուրեն Զաքարի Հովհաննիսյանի (1920-2010):
Ս.Զ. Հովհաննիսյանը ծնվել է 1920 թ. սեպտեմբերի 1-ին Լենինականում (այժմ ք. Գյումրի) ծառայողի ընտանիքում: Հետո ընտանիքը տեղափոխվել է ք. Թբիլիսի, որտեղ նա 1938 թվին ավարտել է № 82 միջնակարգ դպրոցը: 1938 թվին ընդունվեց Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Ժամանակից շուտ ավարտելով ինստիտուտը, 1942 թվին անմիջապես ուսանողական աթոռից նա որպես բժիշկ ուղեգրվեց գործող Խորհրդային բանակ, սկզբում որպես կրտսեր բժիշկ 478-րդ գնդի, 320-րդ հրաձգային դիվիզիա (բաժին):
1946 թվի ապրիլին նա զորացրվեց Խորհրդային բանակի շարքերից և 1946 թ-ի մայիսից սկսեց աշխատել Երևանի պետական բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժական կլինիկայում որպես օրդինատոր, որը քաղաքային № 3 հիվանդանոցի բազայում էր գտնվում, ղեկավարվում էր Խորհրդային Միության ականավոր վիրաբույժ, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի կողմից:
1952 թ. փետրվարից միաժամանակ աշխատել է որպես III-րդ բուժմիավորման բժշկական գծով փոխտնօրեն, իսկ 1953 թ. մարտից մինչև 1954 թ. սեպտեմբեր Ուռուցքաբանության և Ռենտգենոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար:
1952 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Վիրաբուժական թարախային հիվանդությունների դեպքում ոսկրածուծի արյունաստեղծման պրոցեսը (հեմատոպոեզը)» թեմայով: Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի ղեկավարությամբ ինտենսիվ գործնական և գիտական աշխատանքը Ս. Զ. Հովհաննիսյանին կազմավորեց որպես դպրոցի արժանի ներկայացուցիչներից մեկը, որոնցից շատերը հետագայում ղեկավարել են մեր Հանրապետության առաջատար վիրաբուժական կլինիկաները:
1954-1958 թթ. Ս. Զ. Հովհաննեսյանը Երևանի պետական բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի ասպիրանտ է:
1958-1966 թթ. աշխատել է սկզբում որպես ասիստենտ, ապա որպես ԵՊԲՀ-ի վիրաբուժական ամբիոնի դոցենտ:
1965 թ. պաշտպանեց դոկտորական թեզ «Էպիթելային ուղիները և պոչուկի շրջանի կիստաները» թեմայով, որը մենագրության տեսքով հրատարակվեց 1970 թվին:
1965 թ. նա աշխատել է որպես ԵՊԲՀ-ի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1971-1988 թթ.-ից՝ նույն ամբիոնի վարիչ:
1966 թվականից շուրջ 25 տարի եղել է Հայաստանի ԽՍՀ Պաշտպանության նախարարության IV Գլխավոր վարչության խորհրդատու, իսկ 1967 թվականից 12 տարվա ընթացքում՝ որպես Հայաստանի ներքին գործերի նախարարության բժշկական գծով խորհրդատու:
1988-1994 թթ. եղել է ԵՊԲՀ-ի վիրաբուժական հիվանդությունների № 1 ամբիոնի պրոֆեսոր:
Պրոֆեսոր Ս. Զ. Հովհաննեսյանը հեղինակ է 108 գիտական աշխատանքների, այդ թվում բազմաթիվ մեթոդական ուղեցույցների, ռացիոնալ առաջարկների, մենագրությունների: Ս.Զ. Հովհաննեսյանի գիտական հետազոտությունների և վիրաբուժական միջամտությունների շրջանակը մեծ էր: Նրա հետազոտություններում կարևոր տեղ է զբաղեցնում վիրաբուժական հեմատոլոգիայի, որովայնային և կրծքային վիրաբուժության, պրոկտոոգիայի, ուռուցքաբանության, վիրահատությունների ընթացակարգի բարելավման, հետվիրահատական բարդությունների կանխարգելման հարցերը: Նա հանդիսանում է պրոկտոլոգիայի և որովայնային վիրաբուժության օպերատիվ միջամտությունների յուրահատուկ մեթոդների հեղինակ:
Սուրեն Զախարովիչ Հովհաննիսյանի ղեկավարած կլինիկայում մի քանի թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ են պաշտպանվել:
1965 - 1969 թթ. եղել է ՀԽՍՀ-ի Զինված ուժերի նախարարության գլխավոր վիրաբույժը:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Ս.Զ. Հովհաննիսյանը պարգևատրվել է երեք շքանշանով՝ “Աշխատանքային Կարմիր Դրոշի”, “Կարմիր Աստղի”, “Հայրենական պատերազմի”, 12 մեդալներով և բազմաթիվ պատվոգրերով տրված Առողջապահության նախարարության, ԵՊԲՀ-ի, ՆԳՆ և Առողջապահության նախարարության IV Գլխավոր վարչության կողմից:
Գիտական գործունեության ոլորտը: վիրաբուժական հեպատոլոգիա, որովայնի և կրծքավանդակի վիրաբուժություն, պրոկտոլոգիա, ուռուցքաբանություն:
Ներհրող կարեր պոչուկի կիստաների և էպիթելային ուղիների վիրահատական բուժման ժամանակ։ Ուղիղաղիքային խուղակների ժամանակ կիրառվող վիրահատական նոր մեթոդ։ Բիլրոթ 2 եղանակով ստամոքսի մասնահատման ժամանակ կիրառվող նոր մեթոդ - անկյունային մասնահատում։
Գրագրություն '108 գիտական հրապարակումների, այդ թվում' 1 մենագրության հեղինակ: “«Էպիթելային ուղիները և պոչուկի շրջանի կիստաները” (1970):
Հովհաննիսյան Ստեփան Սուրենի (1944 - 2008) - վիրաբույժ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր:
Ս. Ս. Հովհաննիսյանը ծնվել է 1944թ. Երևանում: 1967թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և ուղարկվել է Արտաշատի ԿՀՀ ինչպես բժիշկ-վիրաբույժ և միաժամանակ - շտապ բուժօգնության ղեկավար: 1969-1972թթ. սովորել է I ՄՕԼՄԻ(այժմ` I բժշկական ակադեմիա) ասպիրանտուրայում ակադեմիկ Վ.Ի. Ստրուչկովի ղեկավարության ներքո, որտեղ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան “Շաքարային դիաբետով հիվանդների մոտ փափուկ հյուսվածքների թարախային հիվանդություններ և ստորին վերջույթների գանգրենա” թեմայով: 1972-1973թթ. աշխատել է որպես օրդինատոր Երևանի Շտապ օգնության հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: Նույն 1973թ. ընդունվել է ԵՊԲՀ ֆակուլտետային վիրաբուժության ամբիոն որպես ավագ գիտական աշխատող: 1987թ. եղել է ասիստենտ, իսկ 1991թ. (1989թ. Մոսկվայում դոկտորական դիսերտացիայի պաշտպանությունից հետո) դարձել է ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների N1 ամբիոնի պրոֆեսոր: 1987թ. «Էրեբունի» ԲԿ կլինիկական բազայի հիմքի վրա ստեղծել է Հայաստանում վիրաբուժական ինֆեկցիայի առաջին մասնագիտացված բաժանմունքը: 1990 թվին հրատարակվեց «Ոչկլոստրիդիալ անաէրոբային վարակի ախտորոշումը և բուժումը» մենագրությունը:
Աշխատել է Ալժիրում երկարատև գործուղման ժամանակ որպես վիրաբույժ, ինչպես նաև այցելել է Ֆրանսիայի տարբեր կլինիկաներ: 1993թ.
Աշխատանքի տարիներին պրոֆեսոր Ս.Ս. Հովհաննիսյանը հրատարակել է ավելի քան 200 գիտական աշխատանքներ, այդ թվում 2 մենագրություններ, եղել է 10 դիսերտացիոն աշխատանքների ղեկավար, որոնցից մեկը դոկտորական: վիրաբուժական հիվանդությունների վերաբերյալ երեք դասագիքի և բազմաթիվ մեթոդական ձեռնարկների հեղինակ: Տարբեր ժամանակներում Ս. Ս. Հովհաննիսյանը եղել է ԵՊԲՀ վիրաբուժական մասնագիտություններով ցիկլային հանձնաժողովի նախագահ, ԵՊԲՀ էքսպերտ խորհրդի նախագահ, վիրաբուժության մասնագիտացված 027 խորհրդի անդամ, բուժական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, Հայաստանի վիրաբույժների միության անդամ, Արմենիա ՀԲԿ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի և կլինիկայի պրոֆեսոր և ղեկավար 1998-2008թթ: Նա հանդիսացավ հանրապետությունում 1976 թվին ստեղծված ինտրագաստրային pH-մետրիայի առաջին լաբորատորիայի նախաձեռնողը: Արդյունքում, Հայաստանում առաջին անգամ իրականացավ պրոքսիմալ սելեկտիվ վագոտոմիան ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի հիվանդության (դիոդենալ խոցի) բուժման ժամանակ:
1984 թ-ին ԵՊԲՀ-ի ՑՆԻԼ-ի հիմքի վրա կրկին առաջին անգամ հանրապետությունում սկսեց աշխատել ոչկլոստռիդիալ անաէրոբային միկրոօրգանիզմների մեկուսացման և նույնականացման լաբորատորիան: Առաջին անգամ կլինիկական նյութից առանձնացվեց անաէրոբային կոկկերի շտամը, որը հանձնված է պահպանման անաէրոբային միկրոօրգանիզմների կուլտուրաների թանգարան НS հատուկ անվան տակ, և ավանդատվության ժամանակ կլինիկական նյութերից ստացված նեկլոստրիդիալ անաէրոբների առաջին թանգարանային շտամն էր Խորհրդային Միությունում:
Թամազյան Համլետ Սերգեյի (1947-2011) - վիրաբույժ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր:
Ծնվել է Թումանյանի շրջանի Ուզունլար գյուղում (այժմ Օձուն, Հայաստան): 1972 թ. ավարտել է ԵրԲԻ-ը: 1972-73թթ. աշխատել է վիրաբույժ Ալավերդիի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, 1973-78թթ. աշխատել է Ախթալայի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ: 1978-81թթ. աշխատել է Ալժիրի Սուկ Ահրաս քաղաքի հիվանդանոցում որպես վիրաբույժ, վերադառնալով Հայաստան 1981-83թթ. աշխատել է Ալավերդիի կենտրոնական շրջանային հիվանդանոցում վիրաբուժական բաժանմունքի վարիչ: 1983-1992թթ. աշխատել է որպես վիրաբուժության բաժանմունքի վարիչ ԽՍՀՄ բժշկական գիտությունների Ակադեմիայի Վիրաբուժության Համամիութենական Գիտական Կենտրոնի Երևանյան մասնաճյուղում (ներկայումս՝ ՛՛Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ՛՛ ՓԲԸ), որից հետո 1992-2011թթ. ղեկավարել է Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտը:
1986թ. Մոսկվայում ակադեմիկոս Պետրովսկու ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ 1994թ. դոկտորական ատենախոսություն: 1997թ. ընտրվել է Վրաստանի Բժշկական Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ, 2003թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2009թ. պարգևատրվել է ՛՛Մխիթար Հերացի՛՛ մեդալով:
Գիտական գործունեություն : Գիտական գործունեությունը նվիրված է խոցային պաթոլոգիայի ժամանակ տասներկումատնյա աղիքի և ստամոքսի ֆունկցիայի, մետաբոլիզմի, արյան շրջանառության հարցերի ուսումնասիրությանը:
Գրություն: Հեղինակ է 80 գիտական աշխատանքների, այդ թվում 9 մենագրությունների։
Խոցային գաստրո-դուոդենալ արյունահոսության վիրաբուժական եղանակով բուժման մարտավարութուն (1993): Որովայնի խոռոչի օրգանների անհետաձգելի վիրաբուժություն (1996) : Էնդոգեն ինթոքսիկացիա որովայնաբորբի ժամանակ (1997):
Լեոնիդ Հարությունի Մինասյանը ծնվել է 1944թ. մայիսի 22-ին, Երևանում բժշկի ընտանիքում: 1951-ին ընդունվել է Մռավյանի անվան միջնակարգ դպրոց, որն ավարտել և ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, ավարտել այն 1967թ.: Բուհն ավարտելուց հետո գործուղվել է Արարատի մարզի Վեդի քաղաք, աշխատել տեղի հիվանդանոցի վիրաբուժական բաժնում՝ որպես վիրաբույժ: Մեկուկես տարի անց գործունեությունը շարունակել է Էջմիածնում՝ դարձյալ որպես վիրաբույժ: 1970թ. ընդունվել է ասպիրատուրա Մոսկվայի Վ.Լենինի անվան բժիշկների կատարելագործման ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության և տոպոգրաֆիական անատոմիայի ամբիոնում: Թեկնածուական թեզը պաշտպանել է 1974թ. հուլիսին` «կրձքային լիմֆատիկ ծորանի վնասվածքների բուժման հիմնավորումը վիրակապի միջոցով» թեմայով: Մոսկվայից վերադառնալով` 1974թ. Լեոնիդ Մինասյանն աշխատանքի է ընդունվել 1-ին կլինիկական հիվանդանոցի բազայի վրա գտնվող բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնում` որպես կրտսեր գիտաշխատող` միաժամանակ զբաղվելով մանկավարժական գործունեությամբ: 1981թ. Խորհրդային Միության նախարարների խորհրդի բարձր որակավորման հանձնաժողովը Լեոնիդ Մինասյանին շնորհել է վիրաբուժության գծով ավագ գիտաշխատողի կոչումը:
1987թ. ընդունվել է դոկտորանտուրա ԽՍՀՄ առողջապահության նախարարության բազայով գործող մոսկովյան ստոմոտոլոգիական ինստիտուտում: Դոկտորական թեզը պաշտպանել է 1991թ. դեկտեմբերին, Մոսկվայում`«Լիմֆոգեն մեթոդները պերիտոնիտների համալիր բուժման մեջ» թեմայով:
Անվանի բժիշկը կյանքից հեռացավ երիտասարդ տարիքում, քառասունյոթ տարեկանում` մինչև կյանքի վերջը` 1992 թվականը, աշխատելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում: