• Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի հերթական նիստը

    2018թ. դեկտեմբերի 20-ին ԵՊԲՀ 6-րդ լսարանում տեղի ունեցավ Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի հերթական նիստը:

    Նիստի նախագահն էր Ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Մ.Մ.Միրիջանյանը: Ներկա էին Երևանի և մարզային բուժհիմնարկների վիրաբույժներ, բաժանմունքների վարիչներ և կլինիկաների ղեկավարներ:

    Նիստի օրակարգում հետևյալ հարցերն էին.

    1.   2018թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվության ներկայացումը:

    2.   Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության, հանձնաժողովի կազմավորման հարցը:

    3.   Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի www.AAS.am կայքի գործունեության շարունակման հարցի քննարկում:

    4.    Ընթացիկ հարցեր:

    1.2018թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունը ներկայացրեց Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի ֆինանսական հանձնաժողովի անդամ, ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 3 ամբիոնի դոցենտ Արմեն Համբարձումի Մինասյանը: Մասնավորապես, նա նշեց, որ 2018թ. հավաքագրված 1.150.000 դրամ գումարից 46.000 դրամը ծախսվել է Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի www.AAS.am կայքի հոսթինգի և դոմեյնի վճարների համար: Ներկայումս Ասոցիացիայի ֆինանսական հանձնաժողովն ունի իր տրամադրության տակ 1.104.000 գումար:

    2. Ասոցիացիայի նախագահ պրոֆ. Մ.Մ.Միրիջանյանի կողմից առաջարկվեց ներկայացնել թեկնածուներ էթիկայի հանձնաժողովի կազմավորման համար: Ներկայացվեցին հետևյալ վիրաբույժների թեկնածությունները՝ Արսեն Ռաֆիկի Ասատրյան /ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 3 ամբիոնի դոցենտ, ՛՛Էրեբունի՛՛ ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի գիտապրակտիկ ղեկավար/, Պետրոսյան Արթուր /Աբովյանի ԲԿ վիրաբույժ, Կոտայքի մարզի գլխավոր վիրաբույժ/, Հայկ Սիմոնի Հովհաննիսյան /Մասիսի ԲԿ տնօրեն/, Սևակ Սանասարի Շահբազյան /Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ/, Վահագն Գագիկի Համբարձումյան /ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի ասիստենտ/:

    Բաց քվեարկությամբ Էթիկայի հանձնաժողովի նախագահ ընտրվեց դոցենտ Ա.Ռ.Ասատրյանը:

    3. Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի փոխնախագահ Ս.Ա.Ստեփանյանը նշեց, որ www.AAS.am կայքի գործունեությունը անցած մեկ տարվա ընթացքում զգալիորեն արդյունավետ է եղել մեծապես ի շնորհիվ ՛՛Մեդ-պրակտիկ՛՛ թիմի աշխատանքի, արտացոլվել են ինչպես աշխատանքային հարցեր, այնպես էլ միացյալ վիրաբուժական կոնգրեսի կազմակերպման և ընթացքի տարբեր կողմերը: Որոշում է կայացվել պահպանել կայքը, շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները: ՛՛Մեդ-պրակտիկ՛՛ թիմը հայտնել է, որ 2019թ. կայքի սպասարկումը կիրականացնի անվճար որպես Ասոցիացիայի հետ համագործակցության դրսևորում, Ասոցիացիան վճարել է միայն կայքի հոսթինգի և դոմեյնի վճարը:

    4. Քննարկվեցին վիրաբույժներին պետպատվերի համար նախատեսված գումարներից հատկացվող վարձավճարների հարցերը: