Վիրաբուժության եվրոպական միության տարեկան համաժողովը` Հայաստանում. հարցազրույց Սուրեն Ստեփանյանի հետ
Հայաստանի վիրաբույժների համար այս տարի նախատեսված են Վիրաբուժության եվրոպական միության տարեկան համաժողովը եւ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի վեհաժողովը, որոնք նպաստավոր են ոլորտի զարգացման եւ մեծ հնարավորություն` փորձի փոխանակման համար: Այս կարեւորագույն իրադարձություններին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք Վիրաբուժության եվրոպական միության նախագահ, ԵրՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանի հետ:
– Պարոն Ստեփանյան, օգտագործելով առիթը, շնորհավորում ենք Վիրաբուժության եվրոպական միության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պատմեք խնդրեմ հայ վիրաբույժների և Վիրաբուժության եվրոպական միության համագործակցության պատմության մասին:
– Շնորհակալություն շնորհավորանքի համար: 1990-ականներին, երբ տեղի ունեցավ խորհրդային, սոցիալիստական համակարգի փլուզում՝ նոր հանրապետությունների առողջապահական համակարգը նախընտրեց Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի ուսուցումը և փորձը: Սա մի նոր հնարավորություն էր մասնագիտական կրթության ու զարգացման համար: Այդ ընթացքում Արեւմտյան Եվրոպայում ձեւավորվեց շարժում՝ օգնելու Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային երկրների վիրաբույժներին: Մասնավորապես, վառ օրինակ է Արեւմտյան Գերմանիայի՝ Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության (ԳՖՀ), վիրաբույժների եւ վիրաբուժական դպրոցների մեթոդաբանական օգնությունը, ինչպես նաեւ նյութական աջակցությունը Գերմանական Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) վիրաբուժական դպրոցներին: Այս օրինակին հետեւելով, արեւմտյան վիրաբուժական դպրոցները փորձեցին օգնել Լեհաստանի, Չեխիայի, Բելոռուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ մյուս պետությունների վիրաբույժներին: Դրան հետեւեց 90-ականներին իտալացի վիրաբույժ, Հռոմի համալսարանի պրոֆեսոր Սերժո Ստիպայի և նրա համախոհների նախաձեռնությամբ Վիրաբուժության Եվրոպական Միության ստեղծումը: Այս կազմակերպության ստեղծման ակունքներում կանգնած էին բելգիացի, անգլիացի, գերմանացի եւ լեհ վիրաբույժներ:
1997-ին Վիրաբուժության եվրոպական միությունն առաջին անգամ կազմակերպեց համաժողով, որը դարձավ ամենամյա եւ յուրաքանչյուր տարի համաժողովն անց էր կացվում տարբեր երկրներում: Համաժողովների շրջանակներում կազմակերպվում էին վերապատրսաստման դասընթացներ, ներկայացվում էին բուժօգնության հնարավորությունները, պահանջները, մեթոդները, փորձը եւ այլն: Սա հնարավորություն էր նաեւ ներգրավելու հետխորհրդային երկրների վիրաբույժներին:
Որոշ ժամանակ անց Վիրաբուժության եվրոպական միությունը նախաձեռնեց մասնագետների համար իրականացնել քննություններ, որպեսզի կառույցի վիրաբույժներին տրամադրվի եվրոպական նմուշի դիպլոմ: Անցյալ տարի` 2017-ի սեպտեմբերին, Լեհաստանի Կրակով քաղաքում կազմկարերպվեց հերթական քննությունը, որին մասնակցեց Եվրոպայի եւ Ասիայի տարբեր երկրներից շուրջ 30 վիրաբույժ: Դիպլոմի առկայության դեպքում վիրաբույժները աշխատանքային պրակտիկայում ձեռք են բերում մի շարք առավելություններ: Այն հնարավորություն է ընձեռում Եվրոպայի վիրաբուժական կլինիկաներում ավելի դյուրին պայմաններով ընդունվել աշխատանքի:
Վիրաբուժության եվրոպական միությունն իր գործունեության ընթացքում միշտ ընդլայնել է սեփական հնարավորությունները՝ ներգրավելով նոր բժշկական կենտրոններ` կառույցի կազմում ավելացնելով վիրաբույժների անդամակցության քանակը: Օրինակ՝ 2015 թվականին իրականացվեց համատեղ համաժողով չինացի վիրաբույժների հետ եւ Պեկինում տեղի ունեցած այդ համաժողովին մասնակցեց շուրջ 5000 վիրաբույժ: Վիրաբույժների եվրոպական միությունն, առհասարակ, տարեկան համաժողովին պատրաստվելիս ընտրում է իր կազմում ընդգրկված վիրաբուժական դպրոցների ներկայացուցիչներին, որպեսզի մեկ տարվա ընթացքում կարողանան կազմակերպել համաժողովը եւ հաջորդ տարի հերթափոխը հանձնեն հաջորդ երկրին:
Մեր կապը Վիրաբուժության եվրոպական միության հետ մեկնարկել է 2010-ին, երբ վիրաբույժ Մկրտիչ Համլետի Մկրտչյանը անդամագրվեց այդ կազմակերպությանը ու կանոնավոր մասնակցեց ամենամյա համաժողովներին: Մկրտիչ Մկրտչյանի միջնորդությամբ Վիրաբուժության եվրոպական միության համաժողովներին տարիների ընթացքում մասնակից հայ վիրաբույժների քանակն ավելացավ: 2016-ին Հայաստանից մի քանի վիրաբույժներ մասնակցեցին Իտալիայում կազմակերպված կոնգրեսին եւ հայտ ներկայացրեցին` 2018-ի համաժողովը Հայաստանում կազմակերպելու:
Կարևորելով այն հանգամանքը, որ 2018-ին Հայաստանում պետք է տեղի ունենար Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համաժողովը, որոշում կայացվեց, որ այս երկու կարեւոր համաժողովները կայանան նույն ժամանակ: Վիրաբուժության եվրոպական միությունը դրական արձագանքեց մեր առաջարկին: Քանի որ միջոցառմանը պատրաստվելու ամբողջ պատասխանատվությունը կրում է Վիրաբուժության եվրոպական միության անդամակցող երկրի համապատասխան ներկայացուցիչը, ուստի առաջադրվեց իմ թեկնածությունը` որպես Վիրաբուժության եվրոպական միության նախագահ:
– Համառոտ ներկայացրեք, խնդրեմ, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի գործունեությունը:
– Վիրաբույժների հայկական ասոցիացիան ունի յոթանասուն տարվա պատմություն: Այս տարիների ընթացքում ասոցիացիայի գործունեության հիմքում Հայաստանի վիրաբույժներին մասնագիտական մեթոդաբանական օգնություն ցուցաբերելն էր ու ոլորտին վերաբերող ժամանակակից մոտեցումներին ծանոթացնելը: Ներկայում ասոցիացիայի գործառույթը Հայաստանում և Արցախում գործող բուժհաստատությունների վիրաբուժական բաժանմունքների գործունեությանը նպաստելն է: Վիրաբույժների հայկական ասոցիացիան այսօր ղեկավարում է Մուշեղ Միրիջանյանը: Պարբերաբար կազմակերպվում են նիստեր, որոնց շրջանակում քննարկվում են մասնագիտական տարբեր հարցեր: Ներկայում առողջապահության նախարության աջակցությամբ ասոցիացիան իրականացնում է մասնագիտական ուղեցույցերի հայերեն թարգմանություններ: Այս օրերին զբաղված ենք Վիրաբույժների հայկական ասոցիացիայի կայքի ստեղծմամբ, որի մեջ կներառվեն այդ ուղեցույցերի թարգմանությունները, և վիրաբույժների համար կծառայեն որպես մասնագիտական կողմնորոշիչ միջոց:
– Վիրաբուժության եվրոպական միության համաժողովը ե՞րբ է անցկացվելու եւ ինչո՞ւ ընտրվեց մեր երկիրը:
– Հայաստանն ընտրվեց, քանի որ մեր կողմից առկա է ընդգծված հետաքրքրություն Վիրաբուժության եվրոպական միության նկատմամբ: Մեր երկրի վիրաբուժությունը, վիրաբույժներին եւ ոլորտում գործունեության մեթոդներին նրանք լիարժեք ծանոթ չէին: Երկուստեք հետաքրություն առաջացավ եւ տարեկան համաժողովը որոշվեց անցկացնել Հայաստանում: Վիրաբուժության եվրոպական միության հերթական համաժողովը նախատեսվում է անցկացնել ս/թ/ սեպտեմբերի 26-28-ը:
– Վիրաբուժության եվրոպական միության համաժողովը Հայաստանում անցկացնելու համար նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ փուլում են:
– Այս օրերին գրանցման կայքի ստեղծման աշխատանքներն են ընթանում, վիրաբույժներին համաժողովի մասին տեղեկացնելու գործունեություն է ծավալվում եւ արտերկրի մեր գործընկերների հետ բանակցություններ վարելու փուլն է շարունակվում: Ծանոթանում ենք այն փորձառու բժիշկների հետ, ովքեր պետք է ներկայացնեն իրենց մասնագիտական փորձը: 2018 թ. մարտի 5-ից կգործի գրանցման կայքը, որպեսզի աշխարհի վիրաբույժներին համաժողովի մասին տեղեկությունը լինի հասանելի եւ հնարավոր լինի մասնակիցների գրանցումը: Տուր-օպերատորի հետ մեր համագործակցությունը շուտով կսկսվի, որպեսզի մեր արտերկրի գործընկերների ժամանման ու կեցության հարցերը կարողանանք ապահովել:
– Համաժողովին վերաբերող ի՞նչ տեղեկատվություն կցանկանաք հաղորդել վիրաբույժներին:
– Երեւանի եւ մարզային վիրաբույժների տվյալներն ենք հավաքագրում, որպեսզի կոնգերսի մասին նրանց տեղեկատվությունը դյուրին հասցնենք: Շատ կարեւոր է, որպեսզի այս կոնգրեսին հայ վիրաբույժների մասնակցությունը մեծ թիվ կազմի, քանի որ մեր բժիշկներին հնարավորություն է ընձեռվում փորձի փոխանակման և կապեր ստեղծելու համար: Շատ կարեւոր է, որ մեր վիրաբույժները լինեն պատրաստված և ակտիվ` ցանկացած հարցի քննարկմանը, ելույթների ընթացքում ներկայացնեն իրենց մասնագիտական մեթոդները, վիրահատական դեպքեր:
Համաժողովն անցկացվելու է եռալեզու թարգմանությամբ՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: