Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ
Վիրաբուժության եվրոպական միության նախագահության պատվիրակությունը միության նախագահ Սուրեն Ստեփանյանի և գլխավոր քարտուղար Յան Կուլիգի (Լեհաստան) գլխավորությամբ ապրիլի 26-29 Երևանում անցկացրել է նախագահության նիստ: Պատվիրակությունը ժամանել է՝ անմիջական մասնակցություն ցուցաբերելու սեպտեմբերի 26-28-ը Երեւանում Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովի եւ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա վեհաժողովի կազմակերպչական աշխատանքներին:
Այցի շրջանակում պատվիրակության անդամները, Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանը, ասոցիացիայի քարտուղար Արտակ Վարդանյանը հյուրընկալվել են Երեւանի՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Համալսարանի ռեկտոր, պրոֆ. Արմեն Մուրադյանը, ողջունելով Բուլղարիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Իտալիայից, Բելգիայից, Չեխիայից ժամանած հյուրերին, ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է, որ անվանի մասնագետները հյուրընկալվել են Երեւանի պետական բժշկական համալսարանում»:
Պրոֆ. Ա.Ա.Մուրադյանը նշել է, որ բժշկական համալսարանն իր գոյության բոլոր ժամանակներում միջազգային փոխհարաբերություններն ընդարձակելու միտում է ունեցել, իսկ ներկայումս այն նաև ժամանակի պահանջն է: «Այժմ մեր կրթօջախում ուսանում և մասնագիտանում են երկու հազարից ավելի օտարերկրյա ուսանողներ: Ներկա դրությամբ յուրաքանչյուր չորրորդ ուսանողն արտերկրից է, վստահ ենք, որ մոտ ապագայում կլինի յուրաքանչյուր երրորդը»,- ասել է ԵՊԲՀ ռեկտորը:
Ռեկտոր Արմեն Մուրադյանը հավելել է, որ վերջին 30 տարիներին Հայաստանն արձանագրել է բժշկության սրընթաց զարգացում: Ընդ որում, զարգանում է նոր սերունդ, որն իրեն չի տեսնում ապացուցողական բժշկությունից դուրս: «Մեզ համար կարեւոր է, որ համալսարանում երիտասարդները շփվեն գիտաբժշկական ոլորտում կայացած և մեծ ներդրումներ ունեցած մարդկանց հետ, ովքեր մտածում և գործունեություն են ծավալում ապացուցողական բժշկության դաշտում»,-ասել է ռեկտորը՝ գոհունակություն հայտնելով այն փաստից, որ Հայաստանի վիրաբույժներն ինտեգրված են եվրոպական մեծ ընտանիքում:
Ռեկտորը հյուրերին հրավիրել է համալսարաններում կլինիկական աշխատանքի՝ համոզմունք հայտնելով, որ բժշկությունը կիրառական հատվածով զարգացնում են մասնագիտական միավորումները եւ շատ առարկայական կլինի, եթե համագործակցությունը, վարչական դաշտից դուրս գալով, մտնի մասնագիտական դաշտ: «Ես ակնկալում եմ, որ սերտ կապեր կստեղծվեն մեր համալսարանական կլինիկաների միջև: Համոզված եմ՝ մեզ մոտ կստացվի»,-ասել է նա:
Հյուրերն իրենց հերթին ընդգծել են, որ բաց են համագործակցության համար:
Այնուհետեւ ներկաներն անդրադարձել են միացյալ համաժողովի կազմակերպչական հարցերի:
ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությանը միության նախագահ Սուրեն Ստեփանյանի (Հայաստան) և գլխավոր քարտուղար Յան Կուլիգի (Լեհաստան) գլխավորությամբ։
Բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Ստեփանյանը 2017թ. սեպտեմբերին Վիրաբուժության եվրոպական միության խորհրդի նիստում ընտրվել է նախագահ, և Հայաստանի վիրաբույժներին է փոխանցվել միության հերթական համաժողովը կազմակերպելու պարտականությունը:
Պատվիրակությունը Հայաստանում է աշնանը` սեպտեմբերի 26-28-ը Երևանում Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովի և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա վեհաժողովի անցկացմանը նախապատրաստվելու նպատակով: Համատեղ միջոցառումը կընդգրկի նաև ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների Եվրոպական 3-րդ համաժողովը:
Ողջունելով Բելգիայից, Իտալիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լեհաստանից ժամանած մասնագետներին, Սերգեյ Խաչատրյանը նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել դառնալու միջազգային համաժողովի կազմակերպիչներից մեկը։ Նա ընդգծել է, որ նման ներկայացուցչական համաժողովներն անառարկելիորեն նպաստում են բժշկության տվյալ ճյուղի առաջընթացին։ Փոխնախարարը կարևորել է նաև Հայաստանի կլինիկական օրդինատորների և երիտասարդ գիտնականների մասնակցությունը, ինչը կապահովի նրանց շարունակական մասնագիտական զարգացումը։
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Վիրաբույժների հայկական ասոցիացիայի (նախագահ՝ պրոֆ. Մ.Մ.Միրիջանյան) ներկայացուցիչներ, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր։