Մեկնարկեց վիրաբուժական համատեղ կոնգրեսը
Սեպտեմբերի 26-28-ը Երևանում, հայ հանրապետության վիրաբուժության պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում համատեղ կոնգրես, որն ընդգրկում է Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա կոնգրեսը, Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների եվրոպական 3-րդ համաժողովը:
Միջոցառման մեկնարկը տրվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում:
Կոնգրեսի համակազմակերպիչներն են ՀՀ առողջապահության նախարարությունը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
Վիրաբուժության եվրոպական միության նախագահ, կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, բ.գ.դ. Սուրեն Ստեփանյանի խոսքով՝ կոնգրեսին գրանցվել են 30 պետություններից 200-ից ավելի մասնակիցներ: «Հրավիրված զեկուցողների շարքում են նշանավոր գիտնականներ, համալսարանների դասախոսներ, պրակտիկ վիրաբույժներ: Կոնգրեսի աշխատանքներում լայնորեն ներգրավված են հայ վիրաբույժներ Արցախից, Սփյուռքից, Հայաստանի մարզերից: Կոնգրեսի հրավիրված զեկուցողները ներկայացնելու են վիրաբուժության տարբեր բնագավառների վերջին նորույթները, մեթոդաբանական օգնության և հետագա համագործակցության համար պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստանի տարբեր բժշկական կենտրոնների հետ: Շարունակական բժշկական կրթության Եվրոպական կոմիտեի կողմից կոնգրեսի մասնակիցները ստանալու են առավելագույնը 12 կրեդիտ»:
Ս. Ստեփանյանը նշեց նաև, որ համատեղ կոնգրեսը հայ վիրաբույժների համար նշանակալից կլինի աշխարհի առաջավոր կլինիկաների հետ նոր կապերի ստեղծման, ոլորտի նորություններին ծանոթանալու, վիրահատական, բուժական նոր մեթոդները Հայաստանի վիրաբուժությունում ներդնելու առումով:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հատկանշական համարեց, որ հայաստանյան վիրաբույժները դահլիճում ներկա են ամբողջ աստղաբույլով:
Նրա գնահատմամբ՝ համագումարի շրջանակում հատկապես երիտասարդ մասնագետներն ունեն փորձի փոխանակման և ոլորտի զարգացման ծրագրերի լավագույն հնարավորություն։
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ, կոնգրեսի գիտական կոմիտեի նախագահ, պրոֆ. Մուշեղ Միրիջանյանը նկատեց, որ համատեղ կոնգրեսն ունի և՛ դաստիարակչական, և՛ կրթական, ինչու չէ, նաև` ճանաչողական բնույթ.
«Եվրոպական երկրները ծանոթանում են ո՛չ միայն մեր երկրին, այլ նաև մեր բժշկական աշխարհին՝ մասնավորապես վիրաբուժությանը»:
Մ. Միրիջանյանը հույս հայտնեց, որ արտերկրի մասնագետները եկել են նորարարություններով, և մեր երիտասարդները կկարողանան դասեր քաղել ու բարձրացնել գիտական մակարդակը: