28-ը սեպտեմբերի` օր 3-րդ. ամփոփվեց վիրաբույժների համատեղ` Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա կոնգրեսը
Երևանում ամփոփվեց Վիրաբույժների համատեղ կոնգրեսը: Կազմակերպիչների փոխանցմամբ՝ այն մեծ հետաքրքրություն էր ստեղծել վիրաբույժների շրջանում, և դահլիճները լեփ-լեցուն էին բոլոր օրերին:
ՌԴ ժամանած պրոֆեսոր Ալեքսեյ Չժաոն, ով ներկայացնում է Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտը, մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների մասին:
– Թեև երկրորդ օրն է, ինչ գտնվում եմ Երևանում, արդեն տպավորված եմ: Նախ` ձեր քաղաքից: Այն շատ գեղեցիկ է: Արդեն հասցրել եմ հանդիպել վիրաբույժ-ընկերներիս: Պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր թեմաներ են քննարկվում այս կոնգրեսի շրջանակում, և ինձ դա դուր է գալիս: Կարծում եմ, որ այս ամենը հետաքրքիր էր ո՛չ միայն փորձառու, այլ նաև երիտասարդ մասնագետների համար: Այս կոնգրեսի նպատակն էր համախմբել տարբեր երկրներից, տարբեր մասնագիտական պատրաստվածությամբ մասնագետների, ու կիսվել մտքերով:
Շարունակելով գործընկերոջ խոսքը, Ա.Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական բիոֆիզիկական կենտրոնի պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը կարևորեց.
– Կարող եմ հստակ ասել, որ հրաշալի ծրագիր է ներկայացված կոնգրեսին, բարձր մակարդակի վրա է կազմակերպչական աշխատանքը: Այստեղ են գտնվում առաջատար փորձագետները, ինչն, ինքնին, երևույթ է: Եվ սա հնարավորություն է տալիս ամփոփել, թե ինչ ձեռքբերումներ կան վիրաբուժության մեջ: Համոզված եմ, որ այստեղից մասնագետները կհեռանան հարստացած մասնագիտական պաշարով, և դա կօգնի իրենց հետագա մասնագիտական գործունեության մեջ:
Իր մասնագիտական փորձը արտերկրյա հյուրերի հետ կիսել է նաև մեր հայրենակից վիրաբույժ Արամայիս Ղալումյանը` «Նաիրի» բժշկական կենտրոնից:
– Կարծում եմ, Հայաստանի համար նման բարձրակարգ փորձագետ-վիրաբույժների այցն աննախադեպ է: Վերջին ժամանակաշրջանում նման կոնգրես չի եղել Հայաստանում, որ այսքան կարևոր դեր ունենար հայ վիրաբույժների համար, նաև նրանց միջազգային ինտեգրման հարցում...
Երեկ գործընկերներիս ուշադրությանը ներկայացրել եմ ներլյարդային լեղուղիների քարերով ախտահարվող հիվանդությանը վերաբերող թեման: Խոսել եմ նվազագույն ինվազիվ բուժման տարբերակների մասին, նաև աննախադեպ դեպքերի մասին. երկու հիվանդ եմ ունեցել, և նրանց բուժումը հաջողություն է ունեցել: Կարծում եմ, մեր հյուրերի համար թեման հետաքրքիր էր:
ՌԴ ժամանած վիրաբույժ-կոլոպրոկտոլոգ, բ.գ.թ. Արմեն Վարդանյանը, ով ներկայացնում է Ա.Ն. Ռիժիխի անվան կոլոպրակտոլոգիայի գիտահետազոտական կենտրոնը, փաստեց.
– Առաջին օրն է, ինչ գտնվում եմ Հայաստանում, բայց արդեն տպավորված եմ: Շատ հյուրընկալ մարդիկ են հայերը: Այստեղ հանդիպեցի հին ծանոթների, և դա շատ լավ է, որ բոլորս համախմբվել ենք:
Այն թեման, որն այսօր ներկայացրեցի գործընկերներիս ուշադրությանը, առավել հետաքրքիր էր կոլոպրոկտոլոգներին: Խոսեցի խոցային կոլիտի և նրա վիրահատական բուժման մասին, ինչը հրատապ թեմա է հատկապես Ռուսաստանում: Ամեն տարի հիվանդության աճ է արձանագրվում, ու վիրաբուժական միջամտությունից խուսափելը դառնում է անհնարին է: Գիտեմ, որ մոտավոր նույն պատկերն է նաև Հայաստանում: