27-ը սեպտեմբերի` օր 2-րդ. Երևանում վիրաբուժական համատեղ կոնգրեսի աշխատանքները շարունակվում են
Երևանում իր աշխատանքն է շարունակում Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը:
Օրվա իրադարձությունների մասին զրուցեցինք Վիրաբուժության եվրոպական միության նախագահ, Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, բ.գ.դ. Սուրեն Ստեփանյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ գրաֆիկով նախատեսված բոլոր միջոցառումները հաջողություն են ունեցել:
- Մեծ հետաքրքրություն առաջացրեց կրծքային վիրաբույժներին համախմբող պլենար նիստը: Նույնը կարող եմ ասել նաև նվազ ինվազիվ, բարիատրիկ վիրաբուժության սեկցիաների մասին. այստեղ ևս ակտիվությունը մեծ էր: Ուզում եմ փաստել մի կարևոր բան. այն, ինչ այսօր մասնագետները տեսնում ու լսում են կոնգրեսի ժամանակ՝ բժշկի ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունք է: Ամեն օր մենք տարբեր տեսակի ու բարդության վիրահատություններ ենք իրականացնում, և տարիների կատարած աշխատանքը ամփոփում 10-15 րոպեանոց զեկույցներում, ինչ խոսք, բարդ է, բայց` անհրաժեշտ:
Երևանում հյուրընկալել են աշխարհի տարբեր ծայրամասերից վիրաբույժներ: Մենք շատ ուրախ ենք, որ մասնակիցներն այսպիսի հետաքրքրություն ցուցաբերեցին մեր երկրի և կոնգրեսի նկատմամբ ու ներկայացան հետաքրքիր զեկույցներով: Սա հպարտանալու առիթ է:
ԵՊԲՀ ՔԿԱ ամբիոնի ասիստենտ Լորա Շուքուրյանի մասնակցությունը կոնգրեսում ապահովել է DAAD գերմանական ակադեմիական փոխանակման ծրագիրը, ընդ որում, DAAD-ը նաև կոնգրեսի համակազմակերպիչն է:
Մեզ հետ զրույցում Լ. Շուքուրյանն ասաց. «Չորրոդ անգամ է, ինչ մասնակցում եմ DAAD ծրագրին: Հոկտեմբերին դարձյալ մեկնելու եմ Գերմանիա: DAAD-ը փոխանակման ծրագիր է, որը տրամադրում է նաև կրթաթոշակներ ու հնարավորություն է տալիս ուսանողներին, տարբեր մասնագիտությամբ բժիշկներին Գերմանիայում ստանալ մասնագիտական որակավորում»:
Լ. Շուքուրյանը հեռանկարային է համարում DAAD փոխանակման ծրագիրը. «Բժիշկների համար DAAD-ն կազմակերպում է լեզվի կուրսեր` մեկ ամիս տևողությամբ և ուսանողների համար գիտահետազոտական ծրագրեր` 1-10 ամիս տևողությամբ, իսկ մասնագետների համար` 1-4 տարի տևղությամբ»:
Նովոսիբիրսկից Երևան ժամանած վիրաբույժ, պրոֆեսոր Վլադիմիր Անիշենկոն նշեց, որ ուրախ է մասնակցել այս կարգի մասշտաբային միջոցառմանը:
«Հստակ կարող եմ ասել, որ սպասումներս մեծ են: Նախ, գեղեցիկ քաղաք ունեք, որը պատրաստվում է նշել իր 2800-ամյակը: Ուրախալի է, որ կոնգրեսով հետաքրքրված երիտասարդ վիրաբույժներ կան, և դահլիճները լեփ-լեցուն են: Ինձ շատ հետաքրքիր է լսել իմ գործընկերներին: Սա իմ առաջին այցելությունը չէ Երևան, շատ անգամ եմ այստեղ եղել, անգամ վիրահատություններ եմ իրականացրել: Ծանոթ հայ վիրաբույժներ շատ կան, և ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե ինչ առաջխաղացում ունի վիրաբուժությունը Հայաստանում»: