• Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը

    2018թ. մարտի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի գիտական կոմիտեի, կազմկոմիտեի համատեղ նիստը:

    Նիստը բացեց ասոցիացիայի նախագահ պրոֆ. Մ.Մ. Միրիջանյանը, որը ներկայացրեց օրակարգը:

    Նիստում քննարկվեցին 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Երևանում կայանալիք վիրաբուժության միջազգային կոնգրեսի հետ կապված հարցեր: Զեկուցումով հանդես եկավ ասոցիացիայի փոխնախագահ, ՎԵՄ նախագահ Ս.Ա. Ստեփանյանը: Ներկայացվեցին կոնգրեսի ռեգիստրացիոն կայքերի ստեղծման, կազմակերպչական հարցեր: Հարցերի քննարկման արդյունքում կազմկոմիտեին տրվեցին հանձնարարականներ Հայաստանից և արտերկրից հնարավորինս շատ վիրաբույժներ ընդգրկել կոնգրեսի աշխատանքների մեջ:  

    Նիստը քննարկեց «Գյումրի» ԲԿ վիրաբույժներ Արթուր Նասիբյանի և Արման Սարգսյանի հետ կապված միջադեպը: Նիստին ներկա էին վերը նշված վիրաբույժները և «Գյումրի» ԲԿ բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանը: Բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանը ներկայացրեց միջադեպի հետ կապված հանգամանքները: Տրվեցին հարցեր վիրաբույժներ Արթուր Նասիբյանին և Արման Սարգսյանին: Ե՛վ Արման Սարգսյանը, և՛ Արթուր Նասիբյանը նշեցին, որ միջադեպի հետ կապված դիմում, բողոք չեն ներկայացրել իրավապահ մարմիններին, ինչը առնվազն զարմանալի է, քանի որ գործն արդեն քննվում է իրավապահ մարմիններում:

    Հաշվի առնելով, որ միջադեպի իրավական գնահատականը տալու են իրավապահ մարմինները, ովքեր այդ հարցով զբաղվում են, իսկ ադմինիստրատիվ գնահատական տալը և միջոցներ ձեռք առնելը բժշկական կենտրոնի ղեկավարության իրավասությունների մեջ է: Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահությունը կոչ է անում միջադեպին մասնակից վիրաբույժներին մնալ բժշկական էթիկայի նորմերի սահմաններում, հնարավորության դեպքում խնդրահարույց հարցերը լուծել բժշկական կենտրոնի ղեկավարության և էթիկայի կոմիտեի միջամտությամբ` բժշկական կենտրոնի սահմաններում:

    Ասոցիացիայի նախագահությունը կոչ է անում «Գյումրի» ԲԿ վիրաբույժներին համախմբվել նորանշանակ բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանի շուրջը, ով գիտական աստիճան ունեցող փորձված վիրաբույժ է և անվերապահորեն ենթարկվել բժշկական կենտրոնի տնօրենի, ղեկավարության, էթիկայի կոմիտեի որոշումներին:


    Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ,

    Պրոֆ. Մ.Մ. Միրիջանյան

    15.մարտ, 2018թ.