Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ՀՀ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությանը միության նախագահ Սուրեն Ստեփանյանի (Հայաստան) և գլխավոր քարտուղար Յան Կուլիգի (Լեհաստան) գլխավորությամբ։
Բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Ստեփանյանը 2017թ. սեպտեմբերին Վիրաբուժության եվրոպական միության խորհրդի նիստում ընտրվել է նախագահ, և Հայաստանի վիրաբույժներին է փոխանցվել միության հերթական համաժողովը կազմակերպելու պարտականությունը:
Պատվիրակությունը Հայաստանում է աշնանը` սեպտեմբերի 26-28-ը Երևանում Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովի և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա վեհաժողովի անցկացմանը նախապատրաստվելու նպատակով: Համատեղ միջոցառումը կընդգրկի նաև ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների Եվրոպական 3-րդ համաժողովը:
Ողջունելով Բելգիայից, Իտալիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լեհաստանից ժամանած մասնագետներին, Սերգեյ Խաչատրյանը նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել դառնալու միջազգային համաժողովի կազմակերպիչներից մեկը։ Նա ընդգծել է, որ նման ներկայացուցչական համաժողովներն անառարկելիորեն նպաստում են բժշկության տվյալ ճյուղի առաջընթացին։ Փոխնախարարը կարևորել է նաև Հայաստանի կլինիկական օրդինատորների և երիտասարդ գիտնականների մասնակցությունը, ինչը կապահովի նրանց շարունակական մասնագիտական զարգացումը։
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Վիրաբույժների հայկական ասոցիացիայի (նախագահ՝ պրոֆ. Մ.Մ.Միրիջանյան) ներկայացուցիչներ, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր։