Հնագույն բժշկությունը Հայաստանում
Հայաստանում հայտնաբերված բժշկական գործիքները պատրաստվել են դեռեւս Ք.ա. 3-րդ հզ.: Հայ բժիշկները կարողացել են զարկերակի, լեզվի, աչքերի ու մաշկի դիտարկման միջոցով պատկերացում կազմել հիվանդի ընդհանուր վիճակի մասին:
Զարգացած է եղել դատական բժշկությունը: Այն սկզբնավորվել է Հին Հայաստանում եւ Հին Չինաստանում Ք.ա. 2-րդ հազարամյակի սկզբին: Հայաստանում կատարվել են դիահերձումներ, մի բան, որ Եվրոպայում իրականացվել է միայն XVI դարից սկսած: Հայտնաբերված հնագույն բժշկական գործիքները վկայում են իրականացված վիրահատությունների մասին։ XII-XIV դարերում Հայաստանում կատարվել են կեսարյան հատումներ, ներքին ուռուցքների հեռացումներ, զանազան հիվանդությունների վիրահատական բուժումներ և այլն։
Վիրահատության ժամանակ օգտագործվել են ընդհանուր ու տեղային ցավազրկման միջոցներ, իսկ վերքերը կարելու համար` մետաքսե թել։ Միջնադարյան հայ բժշկությունը տեսական ու պրակտիկ հարցերում կանգնած է եղել ժամանակի առաջավոր բժշկագիտության դիրքերում։
Հայտնի է, որ Կիլիկիայում որոշ դեպքերում կարողանում էին վերականգնել մարդու տեսողությունը. օրինակ` Հեթում Բ-ն տեսողությունը կորցրել էր, բայց բժշկվեց։ Իրականացվում էր ատամի անցավ բուժում ու հեռացում: Հայտնի է, որ հարյուրավոր վենետիկցիներ, ջենովացիներ ու ֆլորենցիացիներ իրենց զավակներին ուղարկում էին Կիլիկիա` բժշկական կրթություն ստանալու համար: