Վիրաբուժության եվրոպական միությունը 2017-ի սեպտեմբերի 27-30-ը Լեհաստանի Կրակով քաղաքում գումարեց իր 21-րդ տարեկան կոնֆերանսը
Վիրաբուժության եվրոպական միությունը (ESS – EUROPEAN SOCIETY OF SURGERY) այս տարի սեպտեմբերի 27-30-ը Լեհաստանի Կրակով քաղաքում գումարեց իր 21-րդ տարեկան կոնֆերանսը լեհ վիրաբույժների 6-րդ կոնգրեսի հետ համատեղ: Եվրոպական Վիրաբուժական այդ երկու խոշոր կառույցների համատեղ կոնգրեսին մասնակցեցին նաև հայ վիրաբույժներ, որոնք ներկայացնում էին Երևանի պետական բժշկական համալսարանը, «Արմենիա» ՀԲԿ-ն, «Էրեբունի» ԲԿ-ն, «Աստղիկ» ԲԿ-ն: Սեպտեմբերի 29-ին Վիրաբուժության Եվրոպական միության վարչության նիստի ժամանակ Վիրաբույժ Սուրեն Ստեփանյանն ընտրվեց Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ (www.essurg.org), որով Վիրաբույժների հայկական ասոցիացիան ստանձնեց 2018թ. Հայաստանում համատեղ կոնգրես կազմակերպելու գործը:
Վիրաբուժության եվրոպական միությունը հիմնադրվել է Հռոմի Լա Սապիենզա համալսարանի պրոֆեսոր Սերջիո Ստիպայի առաջարկությամբ և ջանքերով: Կազմակերպության նպատակներն են արևմուտքի և արևելքի վիրաբույժների միջև կապերի հաստատումը և ամրապնդումը, մեթոդաբանական օգնությունը թույլ զարգացած երկրների վիրաբույժներին, աջակցությունը ընդհանուր վիրաբուժությանը որպես վիրաբուժության առանձին ճյուղի: Կազմակերպության առաջին կոնֆերանսը գումարվել է 1997թ. Հռոմում, որից հետո Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում գումարվել են տարեկան կոնֆերանսներ:
Հայ վիրաբույժների համագործակցությունը սկսվել է Վիրաբուժության եվրոպական միության հետ 2011թ.-ին վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանի անդամակցությամբ այդ կազմակերպությանը: 2015թ. ԵՊԲՀ-ն հյուընկալեց այս կազմակերպության հիմնադիրներից մեկին՝ Բելգիացի վիրաբույժ, պրոֆեսոր Լյուկ Միշելին: 2015թ. Պեկինում տարեկան կոնֆերանսի ժամանակ պրոֆ. Ջեմ Թերզիի կողմից առաջարկվել և պրոֆ. Գեորգի Ջիորջիոբիանիի կողմից պաշտպանվել է 2018թ. հերթական կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու միտքը:
Վիրաբուժության եվրոպական միության հերթական կոնֆերանսի ժամանակ Նեապոլում 2016թ. Ս.Ա. Ստեփանյանի կողմից ներկայացվեցին ՀՀԱռողջապահության նախարար պրոֆ. Ա.Ա. Մուրադյանի և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Մ.Մ. Միրիջանյանի նամակները, որով Վիրաբույժների հայկական ասոցիացիան հայտ ներկայացրեց 2018թ. Երևանում կազմակերպել Վիրաբուժության եվրոպական միության և Հայաստանի վիրաբույժների համատեղ կոնգրես: Որպես վերը նշված դեպքերի տրամաբանական շարունակություն Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցավ էստաֆետի փոխանցում հայկական պատվիրակությանը: